Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

10:18, երկուշաբթի, 04 հուլիսի, 2022 թ.
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»․ Մհեր Մկրտչյան

Այսօր թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։

Ծնվել է Գյումրիում 1930 թվականի հուլիսի 4-ին։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թթ. սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո` 1947 թվականին, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր։
     1953թ. տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ.Վաղարշյան)։ 1959թ. ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու հայ կինոյի պատմության ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում։

Եթե Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։

Նա նկարահանվել է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

1986թ. Մհեր Մկրտչյանի ջանքերով ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի Վ. Աճեմյանի անվան արտիստական թատրոնը: Թատրոնի բացումը կայացել է Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի էմանլե Քաստանիեյի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է արտիստի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

«Մենք` հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողանանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձնել մեզ համար չափանիշ: Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»: Սոս Սարգսյան

2764 | 0
Facebook