Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք դատարկախոս եք, պարզունակ մանր բանսարկու»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

20:00, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
«Դուք դատարկախոս եք, պարզունակ մանր բանսարկու»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ` ՓՈՐՁԵՔ ԻՆՔՆԱՄԽԻԹԱՐՎԵԼ
     Հունիսի 29-ի ձեր ֆեյսբուքյան էջում դուք զետեղել եք գրառում, որտեղ ձեզ բնորոշող ոճով թույլ եք տվել անդրադառնալ ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրներից երկուսին:
     Պարոն Բաբաջանյան, մեր տպավորությամբ ձեր գործելաոճով դուք դատարկախոս եք, պարզունակ մանր բանսարկու:
     Դատարկախոս եք, քանի որ որերորդ անգամ տարբեր անձանց վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ եք անում, որից հետո ստիպված եք լինում դատարանի որոշումով հրապարակավ ներողություն խնդրել, վնասը փոխհատուցել: Հիշեցնենք միայն վերջինը` Արթուր Վանեցյանին առնչվող դեպքը, երբ դուք զրպարտել էիք նրան, ինչի համար էլ ձեր վերը նշված գրառման մեջ ճարպկորեն շրջանցում եք նրա անձը (http://www.datalex.am/?app=AppCaseSearch):
     Այդ են վկայում նաև ԱԱԾ վերաբերյալ ձեր մակերեսային պատկերացումները: Դրանք այնքան անհեթեթ են, որ նույնիսկ չգիտեք, որ ռազմական հակահետախուզության ուղղությամբ կատարվող աշխատանքների համար տարիներ շարունակ պատասխանատու են եղել նաև նույն այն անձինք, ովքեր այսօր արդեն ղեկավարում են ԱԱԾ-ն: Եթե դուք որևէ խնդիր եք տեսնում այդ ուղղությամբ նախկինում իրականացված աշխատանքների արդյունավետության մեջ, ապա ձեր դժգոհությունները, պահանջներն ուղղեք հենց նրանց, եթե, իհարկե, նման համարձակություն կունենաք:
     Պայմաններ մի ստեղծեք, որ հարկադրված լինեք մեզանից էլ հրապարակավ ներողություն խնդրել:
     Ինչպես վերն ասել ենք, դուք, ըստ էության, նաև մանր բանսարկու եք: Ձեր անձի շուրջ էժանագին հետաքրքրություն, աժիոտաժ ստեղծելու նպատակով մշտապես փորձել եք ձևավորել իբր հալածյալի կերպար: Նախկին պաշտոնյաների, ազդեցիկ մարդկանց միջնորդությամբ պարբերաբար խնդրել եք պաշտպանել ձեզ իբր սպառնացող վտանգներից, երևակայական հետապնդումներից, որոնց հեղինակն իրականում եղել եք հենց դուք և նույնիսկ երախտապարտ եք եղել դրանց դիմաց: Այս լույսի ներքո իրավապահ մարմիններից, հատկապես մեր գործընկերներից պահանջում ենք խորը քննություն իրականացնել և ստուգել ձեզ պատկանող մեքենայի վրա կրակելու, սպանության փորձի իմիտացիա անելու վարկածը, դրա իրական դրդապատճառը, թե ում եք ցանկացել մեղադրել:
     Պարոն Բաբաջանյան, դուք չարացած ու դժբախտ մարդ եք` հաշվի առնելով այն ճանապարհը, որով անցել եք, ապրելակերպը, որը վարում եք: Դրանք են վկայում այն, որ դուք անգամ ստիպված եք եղել ձեր անձը փրկելու համար Ձեր մոր վրա ցուցմունք տալ, բանակից խուսափել, ենթարկվել քրեական պատասխանատվության, անընդհատ արդարացումներ փնտրել ձեր վարած կենցաղի և կապերի հետ կապված: Փորձեք ինքնամխիթարվել, դուք գիտե'ք, թե ինչպես`նորանոր «հաճույքներ» փնտրելով ձեր սիրած կայքերում:
     Ի դեպ` մենք երբեք ռուսամետ դիրքերից չենք հանդես եկել, ձգտել ենք ներկայացնել բալանսավորված, օբյեկտիվ ճշմարտությունը` հստակ իմանալով ու բարձր գնահատելով թե Արևմուտքի և թե Ռուսաստանի անուրանալի դերը Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար:
     Մեր հստակ դիրքորոշումը մեկն է` Հայաստանում չպետք է հաստատվի բռնապետություն, ղեկավարը չպետք է վերածվի կուռքի: Մենք մեր աշխատանքով փորձել ենք նպաստել Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանը, որի կարևորությունը լավ կլիներ, որ դուք էլ գիտակցեք»:

3515 | 0
Facebook