Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրականում Մեղրիի միջանցքը Բոսֆոր-Դարդանելը չի, ոչ էլ Սուեզն է». Վահրամ Մարտիրոսյան

02:06, ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ.
«Իրականում Մեղրիի միջանցքը Բոսֆոր-Դարդանելը չի, ոչ էլ Սուեզն է». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր մեծագույն պատրանքներից մեկը նա է, թե աշխարհաքաղաքական տեսակետից Հայաստանը հանդիսանում է հույժ կարևոր հանգույց։ Իբր բոլորը չեն քնում ու միայն մտածում են մեզ հետ կապված իրադարձությունների մասին։
     Մեդիա դաշտը լցված է «քաղաքագիտական» մտքերով, թե Մեղրիի միջանցքը չի բացվում, որովհետև դա թույլ չեն տալիս Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Արևմուտքը։ Թույլ չտվող երկրի ընտրությունն էլ կատարվում է ըստ արտաքին քաղաքական նախասիրությունների։ Ըստ իրենց Մեղրիի միջանցքը այնքան կարևոր է, որ բացման դեպքում Իրանը Չինաստանի հետ միանգամից պատերազմ են հայտարարելու Թուրքիային։ Իսկ իրականում Մեղրիի միջանցքը Բոսֆոր-Դարդանելը չի, ոչ էլ Սուեզն է։
     Այս միջանցքը տրամադրելու որոշումը կայացվում է Երևանում, իսկ մնացած խաղացողները, ժանրի օրենքին համաձայն, կողմերի հետ մտնելու են առևտրի մեջ և փորձելու են մի բան իրենք պոկեն։
     Աշխարհաքաղաքական գործոնը բազմակի անգամներ չափազանցված մտցվում է մեր ներքին կյանք։ Ամեն ինչը՝ դրամի կուրսից սկսած՝ մինչև կենցաղային պրիմիտիվ երևույթները, բացատրվում է աշխարքաղաքական տրամաբանությամբ։
     Քաղաքական գործիչների 99%-ը չգիտեն, թե թշնամին ինչպես է կարողացել գրավել Շուշին։ Բայց նրանք քեզ կհամոզեն, թե Հարավային Գվինեան երազում է իր կոկոսի յուղի արտահանումը իրականացնել հենց Սյունիքով, ու դրա համար նա պատրաստ է մեզնից ավելի շատ պաշտպանել մեր շահերը։
     Երբ մենք հասկանանք, որ մեր ճակատագիրը մենք ենք կերտում, և մենք ենք մեր անհաջողությունների ու հաջողությունների միակ պատասխանատուն, այդ ժամանակ կդառնանք քաղաքական ազգ ու կձևավորենք իրապես հզոր պետականություն»։

5200 | 0
Facebook