«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը գրել է. «Այս բնակավայրը տարբերվում է մոլորակի մնացած բնակավայրերի մեծ մասից:
Բայց ինչո՞վ, մի՞թե այդտեղ այլմոլորակայիններ են ապրում:
Ոոոոչ... ոոոոչ:
Խոսքը շուրջ 20.000 բնակչությամբ բավարական Նյորդլինգեն քաղաքի մասին է, որը կառուցվել է ոչ թե կամայական ինչ-որ վայրում, օրինակ` պատահական գետի ափին, այլ 14,5 միլիոն տարի առաջ երկնաքարային «հարձակման» արդյունքում առաջացած խառնարանի ներսում:
Ըստ մասնագետների, այդ խառնարանի «ճարտարապետ» երկնաքարն ունեցել է մեկ կիլոմետր տրամագիծ և Երկրի մթնոլորտ է «ներխուժել» 25 կիլոմետր/վայրկյան արագությամբ` առաջացնելով 26 կիլոմետր տրամագծով խառնարան:
Ի դեպ, ժամանակին տարածված է եղել այն վարկածը, որ քաղաքը կառուցված է ոչ թե երկնաքարային, այլ հրաբխային ծագման խառնարանի ներսում:
Սակայն այդ վարկածը «հօդս ցնդեց» 1960 թվականին, երբ երկու ամերիկացի գիտնականներ` Յուջին Շումեյքերը (նույն այն Շումեյքերը ում աճյունի մի մասն ուղարկվել է Լուսին) և Էդվարդ Չաոն, ուսումնասիրելով Նյորդլինգենի տաճարի պատերը, հայտնաբերեցին, որ դրանք պարունակում են շոկային քվարցի բյուրեղներ:
Այս բյուրեղներն առաջանում են բարձր ճնշման պայմաններում` երկնաքարերի հարվածների ժամանակ:
Ավելի ուշ խառնարանի պատերի հետագա ուսումնասիրությունները վերջնականապես հաստատեցին դրա ծագման երկնաքարային վարկածը:
Իսկ լուսանկարում Նյորդլինգենի կենտրոնական հատվածն է` նկարված թռչնի թռիչքի բարձրությունից»: