Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

Իրավապաշտպանները դիմել են Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին

22:30, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Իրավապաշտպանները դիմել են Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատուրյանին

Իրավապաշտպան ՀԿ-ները կոչով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին․ «Հայկական բանակի գնդապետ Վարուժան Ավետիսյանին եւ Սասնա ծուռ ապստամբական խմբի մի խումբ անդամների նորից բանտ են նստեցրել։
     Չանդրադառնալով այս դատավարության եւ hամաներման խնդրահարույց ընթացքին` կցանկանայինք կենտրոնանալ Վարուժան Ավետիսյանի առողջության հետ կապված անհապաղ լուծում պահանջող խնդրին։
     Վարուժան Պարսամի Ավետիսյանի մոտ ախտորոշված է «Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ» հիվանդություն, որը ծանր և մարդու կյանքին սպառնացող հիվանդություն է: Հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշի առաջացման պատճառները ժամանակին չպարզելը և համապատասխան ու անհրաժեշտ բուժում չիրականացնելը իրական վտանգ են ստեղծում Վ. Ավետիսյանի կյանքի համար։
     Վ. Ավետիսյանի հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշի պատճառաբանությունը բոլոր հնարավոր լաբորատոր և գործիքային հետազոտությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չի եղել պարզել, և հաշվի առնելով հիվանդության աննախադեպ և տարբեր ուժգնությամբ կրկնվելու հակումը, ինչպես նաև պաթոգենետիկ բուժման բացակայությունը՝ վերջնական ախտորոշման և բուժման համար Ավետիսյանը կարիք ունի հետազոտման արտերկրում։ Անցյալ տարվա աշնանից սկսած պատրաստ են Գերմանիայում համապատասխան կլինիկայում ախտորոշում անցնելու փաստաթղթերը եւ գերմանական մասնագետները պատրաստ են ամեն պահի ընդունել իրեն:
     Անհրաժեշտ է Վարուժան Ավետիսյանին օր առաջ հնարավորություն տալ ստանալ այս բժշկական օգնությունը, ինչպես որ դա արվել է նախկին ռեժիմի մեծ ու փոքր բազմաթիվ ներկայացուցիչների համար, որոնց, քրեական հետապնդման մեջ գտնվելով հանդերձ, թույլ է տրվել արտերկրում բժշկական օգնություն ստանալ։ Խտրական վերաբերմունքը անթույլատրելի է։
     Անհրաժեշտ է ապահովել ՀՀ քրեական օրենսդրության մարդասիրության սկզբունքի կիրառումը՝ իրավունքը ծառայեցնելով Վ. Ավետիսյանի ֆիզիկական, հոգեկան և այլ անվտանգությանն ապահովելուն, ինչպես նաև հնարավորություն տալ Վ. Ավետիսյանին հոգալ իր առողջության վերականգնումը:
     Հաշվի առնելով Վարուժան Ավետիսյանի պատշաճ վարքագիծն ու այլ դատավարական պարտականություններ կատարելը, դիմում ենք Ձեզ միջնորդել՝ ապահովելու Վարուժան Ավետիսյանի Գերմանիա մեկնումը՝ խիստ անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալու նպատակով։
     Հավաստիացնում ենք, որ Գերմանիայում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելու և բուժում ստանալուց հետո Վարուժան Ավետիսյանը կվերադառնա Հայաստան»:

| | |
2316 | 0
Facebook