Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը Բաքվում է

18:06, հինգշաբթի, 23 հունիսի, 2022 թ.
Լավրովը Բաքվում է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Թեհրանից երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բաքվում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև նախատեսված է նրա հանդիպումը հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է Հարավային Կովկասում և Կասպիական տարածաշրջանում: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բաքվի հետ առօրյա համատեղ աշխատանքը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա։

«...Մենք ողջունում ենք այս տարվա մայիսի 24-ի Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը, միջպետական սահմանի սահմանազատման արդյունքում Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի այս դժվարին, բայց չափազանց կարևոր գործընթացին՝ ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման։

Հումանիտար ոլորտում շփումները նպաստում են Բաքվի և Երևանի միջև վստահության ամրապնդմանը։ Ռուսական կողմը կշարունակի երկխոսությունը քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների միջոցով՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

4440 | 0
Facebook