Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գտնում ենք, որ նշանակված տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին»․ Խաչատրյան

12:12, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«Գտնում ենք, որ նշանակված տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին»․ Խաչատրյան

ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, ըստ որի՝ առաջարկվում է ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը նշանակել 50 հազար դրամ՝ 100 հազար դրամի փոխարեն։

«Եթե տրանսպորտայի միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տասն օրվա համար պետք է տուգանվի հինգ հազար դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ հարյուր հազար դրամ։ Այսինքն՝ իրավասու մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տասն օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում հինգ հազար դրամի չափով և ուղարկել հասցեատիրոջը։ Այսինքն տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամը»,- գործող օրենքը ներկայացնելիս ասաց Խաչատրյանը։

«Վերլուծելով Կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ գտնում ենք, որ նշանակված հարյուր հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին։ Հարյուր հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ իրավախատմանը նպաստող հիմնական պատճառը հենց անձի ֆիննանսական դրությունն է։

Խաչատրյանը նշեց նաև, որ առաջարկվող փոփոխությամբ անձին նշանակված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսը չեղյալ կհամարվի, եթե անձը 24 ժամվա մեջ վերացնի իրավախախտման հատկանիշները։

4803 | 0
Facebook