Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թումո տուփեր են բացվել Ասկերանում և Մարտունիում

19:54, կիրակի, 05 հունիսի, 2022 թ.
Թումո տուփեր են բացվել Ասկերանում և Մարտունիում

Թումո տուփեր են բացվել Արցախի Մարտունի և Ասկերան քաղաքներում։ Տեղեկությունը հայտնում է «Արցախպրեսը»։ Գործակալության հետ զրույցում «Թումո» ծրագրի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է, որ դասերը մեկնարկելու են հուլիսի 1-ից, իսկ Թումո տուփը շաբաթական 320 աշակերտի կարող է 14 ոլորտներից գիտելիքներ մատուցել:
     «Հիմնական թիրախային նպատակը Թումոն հասանելի դարձնելն է Հայաստանի և Արցախի 12-18 տարեկան երիտասարդների համար: Շատ ուրախ և հպարտ եմ, որ մեր ցանկությունն իրականացավ և, վերջապես, Արցախի բոլոր շրջաններում կունենանք Թումո տուփեր: Շրջաններում տուփերի տեղադրումը հասանելիության և մատչելիության համար է»,- նշել է Փափազյանը։
     Նրա խոսքով՝ այն ժամանակը, որը երեխան ստիպված էր ծախսել իր բնակավայրից Ստեփանակերտ հասնելու համար, հիմա կարող է ծախսել գիտելիք ստանալու համար։
     «Միակ խնդիրը տրանսպորտն է, փորձելու ենք դա էլ լուծել, որպեսզի ամենափոքր գյուղից էլ կարողանան գալ Թումո»,- հավելել է Մարի Լու Փափազյանը:
     ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ շուտով Թումո տուփեր կբացվեն Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Մարտակերտի շրջանի Գետավան համայնքներում:
     «Մենք նպատակ ունենք գոնե շրջկենտրոնների և հարակից գյուղերի երեխաների համար հասանելի դարձնել Թումոյի կրթությունը»,- նշել է Բեգլարյանը:
     Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
     Նշենք, որ այս տարի փետրվարին Արցախի առաջին Թումո տուփը բացվեց Մարտակերտում։

3029 | 0
Facebook