Խնդրում ենք սպասել...

Համացանց

ԱԺԲ-ն՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին բերման ենթարկելու մասին

11:42, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
ԱԺԲ-ն՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին բերման ենթարկելու մասին

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Այսօր վաղ առավոտյան ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Սասնա Ծռեր խմբի անդամներ՝ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման։
     Սույն գործողության՝ մայիսի 28-ին իրականացնելը ամենևին պատահականության արդյունք չէ. Սա Հայաստանի գործող վարչախմբի հստակ կրեմլահաճո ուղերձն է իր՝ պատերազմական հանցագործ համարվող մոսկովյան տերերին, առ այն, որ Հայաստանում նույնպես սկսված է «դենացիֆիկացման» գործողությունը, այսինքն իրապես ազգային, ինքնիշխան ուժերի չեզոքացումը:
     Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է մեր հայրենակիցներին, որ նման քայլերը նախկինում էլ չեն ազդել, առավել ևս հիմա էլ (երբ ակնհայտ է կայսերական ֆանտոմային ցավերով ապրող ռուսական գաղութատեր ռեժիմի մոտալուտ վախճանը) չեն ազդելու անկասելի պատմական օբյեկտիվ օրինաչափություն հանդիսացող Հայաստանի ապագաղութացման գործընթացի վերջնական արդյունքի վրա: Այն է՝ Հայաստանի առաջին հանրապետության իրական ինքնիշխանության վերականգնումը:
     Կեցցե՜ մայիսի 28-ը, Հայաստանի հանրապետության իրական անկախության օրը»:

Աղբյուրը` ԱԺԲ
4850 | 0
Facebook