Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թացը չորի հետ խառնելով՝ ջուրն եք գցում նրանց, մեր և հենց Ձեր տարիների ձեռքբերումները»․ Սամսոն Գրիգորյան

01:06, շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.
«Թացը չորի հետ խառնելով՝ ջուրն եք գցում նրանց, մեր և հենց Ձեր տարիների ձեռքբերումները»․ Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Երևանի մաքսային պահեստների մաքսավորները նամակ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին և իրենց վրդովմունքը հայտնել նրա արած հայտարարության հետ կապված։ Նախագահն ասել էր, որ մաքսային պահեստներում, 5-10 հազար դրամ մաքսավորի գրպանը դնելով, «շնորհակալության» պրակտիկան դեռ պահպանվում է։

Ոչ ոքի համար գաղտնիք չեն մինչ հեղափոխությունը մաքսային ոլորտում տիրող բարքերը։ Նման բարքերը շարքային մաքսավորներին պարտադրվում էին ամենաբարձր ղեկավարության կողմից։

Նաև մասամբ իմ ջանքերով հասանք այս ոլորտում մեծ փոփոխությունների։ Չի կարելի ուրանալ նաև հենց ազնիվ մաքսային ծառայողների ներդրումը ոլորտի մաքրման դժվար գործում։ Բավականին շատ կոռումպացված դերակատարներ հեռացան համակարգից, բավականին շատ կոռումպացված գործարարներ իրենց մաքսազերծումը մաքրեցին` բերելով սպիտակ դաշտ։

Այս ընթացքում շատ ծառայողներ աշխատեցին գերծանրաբեռնված և ոչ պատշաճ աշխատանքային պայմաններում։ Ինքս այս ամենի ականատեսն եմ եղել, ինքս քանիցս բարձրացրել եմ մաքսային պահեստների անմխիթար պայմանների խնդիրը։

Ընդհանրացված մեղադրել մաքսավորներին 5-10 հազար դրամ վերցնելու մե՞ջ։ Այն մաքսավորներին, ովքեր մեզ հետ նպաստեցին հազարավոր դոլարներ կաշառք վերցնողներին համակարգից ճանապարհելո՞ւն։ Ազնիվ չէ: Ամեն ինչ հնարավոր է, չեմ բացառում, որ նման բացառություններ դեռ կան, նույնիսկ համոզված եմ, որ կան` դե, իհարկե, ոչ նման ծիծաղելի թվերով։ Սակայն կան բավականին լուրջ լծակներ, որոնցով նման դեպքերը բացահայտելն ու բացառելը հաշված օրերի խնդիր է։

Պրն. Բադասյան, թացը չորի հետ խառնելով, դուք ջուրն եք գցում նրանց, մեր և հենց Ձեր տարիների ձեռքբերումները։ Չի կարելի աշխատակցին կոտրել և նման կերպ տրորել։

Հ. Գ․ Պարեկների մեջ գտնվում են այնպիսիք, ովքեր վարորդներից գումար են վերցնում, նման դեպքեր պատմողներ էլ կան, ձերբակալվածներ էլ։ Հայտարարե՞նք, որ պարեկները գումար են վերցնում, ոչ, իհարկե, գտնենք այդ մի քանիսին, մաքրենք, և ազնիվների աշխատանքն էլ ջուրը չգցենք։ Իսկ մաքսային և հարկային ոլորտում չմտածված քայլերն ու անփորձ աշխատակիցները վտանգավոր են, քանի որ այստեղ մեկ երկու խցանումով չես պրծնի։ Այստեղ երկրի բյուջեի, ֆինանսական և ներդրումային մթնոլորտի անվտանգության խնդիր կառաջանա»։

3905 | 0
Facebook