Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Ֆրունզե Դովլաթյանն ու հայկական կինոն վաղուց են նույնականացել». Զավեն Բոյաջյան

22:54, հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.
«Ֆրունզե Դովլաթյանն ու հայկական կինոն վաղուց են նույնականացել». Զավեն Բոյաջյան

Կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանն է՝ ծննդյան 95-ամյակը, բայց սա հանգիստ կարելի էր և չհիշատակել, որովհետև Դովլաթյանի պես մարդիկ տարիք չունեն. անմահին ի՞նչ տարիք, անհեթեթ է:
     Դովլաթյանը դեռ այս աշխարհից հեռանալուց առաջ էր խարսխվել մեր գիտակցության մեջ, որովհետև ի՞նչ հայկական կինո առանց «Բարև, ես եմ»-ի, առանց «Երևանյան օրերի խրոնիկա»-ի, առանց «Երկունք»-ի, առանց «Սարոյան եղբայրներ»-ում Դովլաթյանի խաղացած դերի. Ֆրունզե Դովլաթյանն ու հայկական կինոն վաղուց են նույնականացել:
     Աշխարհափոխ լինելու հետ Դովլաթյանն ուղղակի հայտնվեց ժամանակի և տարածության երկրային չափանիշներից դուրս, առասպելացավ՝ գեղեցիկ մարդուց վերջնականապես վերածվելով գեղեցիկ աստծու: Իսկ աստվածներին մնում է երկրպագել: Եվ ես Դովլաթյանի երկրպագուն եմ, նրա գործերն արմատակալել են իմ ինքնության, մշակութաբանական հիշողության, իմ ամենահամառ ու աննահանջ կինեմատոգրաֆիկ տպավորությունների, իմ մարսած կինոժառանգության շերտերում:
     Ուզում եմ ասել՝ դեռ շատ տարիներ կգան ու կանցնեն, Աստված գիտի ինչքան ջրեր կհոսեն, իսկ Ֆրունզե Դովլաթյանը, վաղուց այդ տարիների երկրային հաշվարկից ձերբազատված, միշտ կապրի մեր մեջ, ինչքան որ կլինենք»:

Աղբյուրը` Զավեն Բոյաջյան
14457 | 0
Facebook