Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք». Տ. Հայրապետյան

08:48, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
«Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք». Տ. Հայրապետյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Երեկվա եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունն ամբողջությամբ (հեղինակային թարգմանություն)՝
     «Այսօր ես կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և ՀՀ վարչապետ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր նման ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք Հարավային Կովկասի իրավիճակի, ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի վրա։
     Քննարկումն անկեղծ էր և արդյունավետ։ Մենք քննարկել ենք հարցերի ամբողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, ներառյալ՝ ականազերծումը, ինչպես նաև պատանդառուների ազատ արձակման և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցը:
     Մենք հասել ենք հետևյալ արդյունքներին՝
     –Սահմանային հարցեր
     Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը: Դրանում կքննարկվեն սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը և թե ինչպես լավագույն կերպով ապահովել կայուն իրավիճակը:
     –Կապուղիներ
     Առաջնորդները համաձայնել են տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտության հետ։ Նրանք պայմանավորվել են Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցումը կարգավորող սկզբունքների, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջև կապի և երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքի միջոցով միջազգային փոխադրումների մասին: Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանային կառավարման, անվտանգության, հողի վարձի, ինչպես նաև մաքսատուրքերի սկզբունքների մասին՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Փոխվարչապետներն այս աշխատանքը կշարունակեն առաջիկա օրերին։
     –Խաղաղության համաձայնագիր
     Առաջնորդները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղ պայմանագրի քննարկումը: Արտաքին գործերի նախարարների գլխավորած խմբերը այս գործընթացը կշարունակեն առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, ես նաև ընդգծել եմ երկու առաջնորդներին, որ անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը։
     –Սոցիալ-տնտեսական զարգացում
     ԵՄ-ն առաջ կտանի երկու կողմերի հետ միասին Տնտեսական խորհրդատվական խմբի (Economic Advisory Group) աշխատանքը, որը ձգտում է նպաստել տնտեսական զարգացմանը` ի շահ երկու երկրների և նրանց բնակչության:
     Ես նաև ընդգծել եմ, որ կարևոր է պատրաստել ժողովուրդներին երկարաժամկետ կայուն խաղաղության: ԵՄ-ն պատրաստ է տրամադրել իր աջակցությունը ։
     Մենք պայմանավորվել ենք սերտ կապի մեջ մնալ և նույն ձևաչափով կրկին կհանդիպենք հուլիս/օգոստոս ամիսներին ։ Շնորհակալություն»:
     Աղբյուրը՝ https://www.consilium.europa.eu/.../press-statement-by.../
     Հ.Գ. Այս բոլոր կետերի մեջ ինձ համար ամենից վտանգավորը «Խաղաղության պայմանագիր» կոչվածի տակ տեղ գտած դրույթն է՝ «անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը»: Սա այն վտանգավոր ձևակերպումն է, որի դեմ համառորեն պայքարում էինք, սրա փոխարեն, եթե տարվեր նորմալ դիվանագիտական աշխատանք, կլիներ հետևյալ ձևակերպումը՝ «անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի ներքո ԼՂ հակամարտության հետագա համապարփակ կարգավորման հարցը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»: Բայց ցավոք, ՀՀ կառավարությունն ու նրա ղեկավարը հերթական վտանգավոր հետքայլն արեցին՝ այս անգամ հրաժարվելով ազգերի ինքնորոշման իրավունքից և, փաստացի, երեկվա հանդիպումից հետո տեղ գտած ձևակերպումից կարելի է ենթադրել, որ ՀՀ–ն իր միջազգային գործընկերների մոտ խոսում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ երաշխիքների դիմաց... եթե դա այդպես է, ապա նման քաղաքականության հետևանքները լինելու են կործանարար մեր ողջ պետության համար, քանի որ նրանք հարվածում են պետության գլխավոր հիմնասյուներից մեկին՝ Արցախի գոյությանն առհասարակ»:

5516 | 0
Facebook