Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չկա ավելի վտանգավոր խաղաղություն, քան անարդար խաղաղությունն է»․ Տ. Հայրապետյան

02:12, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Չկա ավելի վտանգավոր խաղաղություն, քան անարդար խաղաղությունն է»․ Տ. Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Չկա ավելի վտանգավոր խաղաղություն, քան անարդար խաղաղությունն է, երբ դա կառուցվում է մի կողմի լիակատար հաղթանակի և մյուսի կապիտուլացիայի հաշվին։ Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման խաղաղությունը դեպի նոր պատերազմ տանող ամենակարճ ճանապարհն է։ Հենց նման մի «խաղաղություն» է առաջարկում այսօր Բաքուն` Երևանին` ասելով, որ ադրբեջանցին հավերժ կապրի որպես հաղթող, իսկ հայն էլ` պարտվող։ Ազգի արժանապատվության նվաստացման հաշվին կառուցված ցանկացած թվացյալ խաղաղություն դա ռումբ է` իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Եթե Բաքուն իրապես ուզեր խաղաղության կառուցում, ապա օրինակ` կստորագրեր փաստաթուղթը Կազանում, 2011թ., այսինքն` չէր մերժի խաղաղ կարգավորման տարբերակը։ Մինչդեռ Ալիևը հպարտորեն խոստովանել է, որ ինքը պատերազմի տարբերակն է ընտրել և ոչ թե փոխզիջումների։
     Այսօր հանրության տարբեր շերտերի մոտ հանդիպող, երբեմն` ծայրահեղական թվացող մոտեցումները և իշխանության հռչակած «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ քննադատությունը հենց այն դիմադրությունն է և ազդակը, որ հայ ժողովուրդը չի ուզում ազգային արժանապատվության ոտնահարման հաշվին հանձնվել Ալիևի ողորմածությանը։ Պետք է կատարյալ անխելք լինել, որ չտեսնել, թե ինչպես է Բաքուն պատրաստվում նոր հնարավոր պատերազմի, ինչպես է համալրում իր ռազմական արսենալը, ինչպես է պետական մակարդակով շարունակում ատելության քարոզը էթնիկ հայի նկատմամբ։ Չկա խաղաղության և պատերազմի դիսկուրս, մի պարզ հարց կա ընդամենը` մենք պե՞տք է պատրաստվենք ինքներս մեզ պաշտպանելուն, թե՞ հանձնվելու ենք ազգովի։ Մենք ասելով նկատի ունեմ մեզանից յուրաքանչյուրը»:

2863 | 0
Facebook