Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանը դեմ է երկրում ռուսական կենսաբանական լաբորատորիայի տեղակայմանը

20:12, երեքշաբթի, 19 ապրիլի, 2022 թ.
Ղրղզստանը դեմ է երկրում ռուսական կենսաբանական լաբորատորիայի տեղակայմանը

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը դեմ է արտահայտվել երկրում երրորդ մակարդակի (BSL-3) կենսաբանական լաբորատորիայի ստեղծմանը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։ Հարցը քննարկվել է Առևտրի, տնտեսական, գիտական, տեխնիկական և հումանիտար համագործակցության միջկառավարական ղրղզական-ռուսական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին։

Ռուսաստանը և Ղրղզստանը կուժեղացնեն համագործակցությունն ինֆեկցիոն հիվանդությունների համատեղ ուսումնասիրության ուղղությամբ «միջազգային զարգացմանը նպաստող ռուսական նախաձեռնությունների շրջանակում», ասվում է Ղրղզստանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
     Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցության զարգացումը առողջապահության ոլորտում և անցկացնել պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամների մասնագետների խորհրդատվություն՝ աշխատանքային միգրանտների ընտանիքների չաշխատող անդամների բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) կենսաբժշկական հետազոտությունները դասակարգում են վտանգի մակարդակների մեկից մինչև չորս (կենսաանվտանգության մակարդակ, BSL-1 - BSL-4): Կախված այն նյութերի վտանգավորության աստիճանից, որոնց հետ աշխատում են գիտնականները, տարբերվում են գլոբալ պահանջները, որոնք վերաբերում են լաբորատորիաների սարքավորմանը և նրանց աշխատակիցներին պաշտպանելուն։

BSL-3 հապավումը նշանակում է կենսաանվտանգության մակարդակ 3: ԱՀԿ-ի սահմանման համաձայն՝ դրանք մեկուսացված լաբորատորիաներ են, որտեղ նրանք աշխատում են տեղական կամ էկզոտիկ վիրուսային ագենտների հետ, որոնք կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել, այդ թվում՝ օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգի պատճառով: Նման հաստատություններում աշխատելու համար լաբորատոր անձնակազմը պետք է հատուկ պատրաստվածություն ունենա:

4917 | 0
Facebook