Արգենտինայի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային 2020 թվականին բուժող 8 բժիշկներ կկանգնեն դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։
Դատախազությունը կարծում է, որ նրանք սպանությունը կատարել են անզգուշությամբ։ Լեգենդար ֆուտբոլիստը մահացել է 2020 թվականի նոյեմբերին իր տանը։ Դրանից քիչ առաջ նա գլխուղեղի վիրահատության էր ենթարկվել։ Արգենտինացի ֆուտբոլային աստղը 60 տարեկան էր։ Դատախազության տվյալներով՝ բուժանձնակազմը, որը պետք է խնամեր Մարադոնային վիրահատությունից հետո ապաքինվելու ժամանակ, իրականում ֆուտբոլիստին թողել է բախտի քմահաճույքին ու թողել անօգնական վիճակում։ Դատախազությունը հիմնական մեղադրյալներ է համարում ֆուտբոլիստի ընտանեկան բժիշկ Լեոպոլդո Լուկեին և հոգեբույժ Ագուստին Կոսաչովին։ Գործով անցնում են ևս 6 մասնագետներ, այդ թվում՝ հոգեբան և բժշկական համակարգող։
Մեղադրող կողմը պնդում է, որ նրանք անփույթ են եղել, թեև գիտեին, որ դա կարող է Մարադոնայի համար կյանք արժենալ։ Գործով մեղադրյալներին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում։
Մարադոնայի մահվան պատճառը սրտի անբավարարությունից առաջացած թոքերի այտուցն է եղել։ Բժիշկներն ասում են, որ նա մահացել է գիշերը քնած ժամանակ։ Սակայն մահվան հանգամանքների հետաքննության ընթացքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել այս տվյալների և այլ բժիշկների ու վկաների ցուցմունքների միջև։