Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նավուրի դպրոցի վիճակը. 32 տարվա իշխանությունների ամոթը». Ոսկան Սարգսյան

11:36, չորեքշաբթի, 30 մարտի, 2022 թ.
«Նավուրի դպրոցի վիճակը. 32 տարվա իշխանությունների ամոթը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նավուրի դպրոցի վիճակը` 32 տարվա իշխանությունների ամոթը

2019թ․ օգոստոսի 4-ին Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում մեծ շուքով նշվեց Նավուրի հիմնադրման 200-ամյակը։ 1999-ից Նավուր համայնքի ղեկավար, 2017-ից Նավուրի վարչական ղեկավար Արամ Նիգոյանը հանդիսության ժամանակ իր ելույթում նշելով վերջին 20 տարում գյուղում կատարված գործերի մասին, հայտարարեց, որ Նավուրի միջնակարգ դպրոցի շենքը հիմնանորոգման խիստ կարիք ունի։ Հանդիսությանը ներկա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ով ծագումով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է, հայտարարեց, որ դպրոցի շենքի վիճակը վերջին 30 տարվա իշխանությունների ամոթն է, և այդ իշխանությունների կողմից ինքը ներողություն է խնդրում շենքի անմխիթար դրության համար։ Մարզպետ Չոբանյանը խոստացավ, որ առաջիկայում կլուծվի Նավուրի հանրակրթական դպրոցի շենքի հիմնանորոգման հարցը, հույս հայտնելով, որ Նավուր գյուղի հաջորդ տարեդարձի տոնակատարության ժամանակ գյուղի կրթօջախի շենքն արդեն նորոգված կլինի։ Նավուրի վարչական ղեկավար Ա․ Նիգոյանը հայտնեց, որ գյուղի միջնակարգ դպրոցն ունի շուրջ 150 աշակերտ, այնտեղ սովորում են ոչ միայն Նավուրի դպրոցականները, այլև՝ հարևան Իծաքար գյուղի 9-12-րդ դասարանցիները։ Նավուրի դպրոցի շենքը կառուցվել է 1971թվականին, 1988-ի երկրաշարժից հետո այն թեթևակի նորոգվել է, երկրաշարժի հետևանքները վերացվել են, նաև տանիքն է փոխվել։ Վարչական ղեկավարն ասաց, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացված ծրագրով դպրոցի մարզադահլիճն է նորոգվել։ Նա ասաց, որ Հայկ Չոբանյանի մարզպետ պաշտոնավարման ժամանակ դպրոցի տանիքն է փոխվել, նաև՝ պատուհանները, սակայն դպրոցի շենքի վիճակը վատթար է։ Դասասենյակների և միջանցքների պատերի գաջը թափած է, դասասենյակների միջնորմ պատերը խարխուլ են, դրանք տեղաշարժվում են, մի դասասենյակից հնարավոր է մյուսի ներսը տեսնել, դասասենյակների հատակը վատթար վիճակում է։ Դպրոցը ջեռուցվում է վայտ վառող վառարաններով, ինչը խնդիրներ է ստեղծում։ Ա․ Նիգոյանն ասաց, որ ինքը դեռևս Նավուր համայնքի ղեկավար եղած ժամանակ դպրոցի հիմնանորոգման խնդրով դիմել է ԱԺ-ի բոլոր խմբակցություններին։ Դպրոցի շենքը հիմնանորոգելու համար առաջարկել են կազմել նախագիծ-նախահաշիվ, որի համար Նավուր համայնքի բյուջեից 10 միլիոն դրամ է ծախսվել։ Ա․ Նիգոյանն առաջարկել է հիմնանորոգում կատարել դպրոցի մեկ մասնաշենքում, որպեսզի նորոգման ծախսը քիչ լինի, սակայն նախագծող կազմակերպությունը չի համաձայնվել։ 5 տարի առաջ կազմված, 10 միլիոն արժողությամբ նախագիծ- նախահաշիվն այժմ անպետք փաստաթուղթ է, քանզի աճել են բոլոր շինանյութերի գները։

Նավուրի դպրոցը, լուսանկարն արվել է 2019թ․ օգոստոսի 4-ին»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3774 | 0
Facebook