ԱՄՆ-ը Մյանմայի զինվորականներին մեղադրում է ռոհինջաների ցեղասպանության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ Մյանմայի զինվորականները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են իրականացնում ռոհինջա ժողովրդի դեմ։ «ԱՄՆ-ը եկել է այն եզրակացության, որ ի լրումն Հոլոքոստի, ցեղասպանություն է իրականացվել յոթ անգամ: Սա արդեն ութերորդ անգամն է: Ես որոշել եմ, որ Բիրմայի զինված ուժերի անդամները ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել ռոհինջաների դեմ»,- ասել է Բլինքենը: Բազմաթիվ օրինակներ օգտագործելով՝ նա մեղադրել է Մյանմայրի զինվորականներին ռոհինջաների ջարդերի, նրանց գյուղերի ավերման, խոշտանգումների, բռնաբարությունների, փախստականների զանգվածային արտահոսք հրահրելու մեջ։ Բլինքենը նաև խոսել է տասնամյակների ընթացքում ռոհինջաների «ապամարդկայնացման և դիվացման», իրավունքների սահմանափակումների, սեգրեգացիայի և նրանց մայրենի լեզվով հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման դադարեցման մասին։ |