Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնահատման նոր մեթոդական ցուցումները դպրոցներին են ուղարկվել»․ Ժաննա Անդրեասյան

22:30, հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ.
«Գնահատման նոր մեթոդական ցուցումները դպրոցներին են ուղարկվել»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Քանի որ ծնողների հետաքրքրությունը մեծ էր, պարզաբանեմ, թե ինչ է փոխվել և ինչպես պետք է գործի միավորային գնահատումը՝ այս կիսամյակից սկսած։
     ✅Կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել, միավորային գնահատումն իրականացվելու է հետևյալ ձևերով.
     ● բանավոր հարցում,
     ● գործնական աշխատանք,
     ● նախագծային աշխատանք,
     ● թեմատիկ աշխատանքներ,
     ● ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։
     ✅Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:
     ✅«Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական աշխատանքի կամ նախագծային աշխատանքի ձևով՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։
     ✅Թեմատիկ աշխատանքները՝ գրավոր, իսկ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում գրավոր և գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով իրականացնելու անհնարինության դեպքում թեմատիկ աշխատանքները իրականացվում են բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:
     ✅Բնագիտական առարկաների լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։
     ✅Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.
     1. որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով:
     2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:
     3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:
     4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։
     ✅Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր»:

4957 | 0
Facebook