Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարտակերտ քաղաքում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը

21:42, հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ.
Մարտակերտ քաղաքում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը

Այսօր մեկնարկել է Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` Թումոյի ղեկավարության և ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի առաջին Թումո տուփի բացումը: Բացման միջոցառմանը մասնակցում էին նաև Թումո Ստեփանակերտի շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվել են իրենց փորձառությամբ ու միասին իրականացրել մինի-նախագծեր: Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող Թումո տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի Թումոն վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով»: Թումո կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են Թումո Ստեփանակերտ հատուկ տրանսպորտով:

Մարի Լու Փափազյանը նշել է նաև Թումո Հայաստան նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր Թումո տուփ»։ Թումո Հայաստան նախաձեռնության շրջանակներում առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում` 110 Թումո տուփեր: Այս ցանցի միջոցով ծրագիրը հասանելի կդառնա բոլոր պատանիներին ողջ երկրով մեկ: Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի և մոտակա բնակավայրերի պատանիների համար։ Ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: Յուրաքանչյուր Թումո տուփ հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Թումո Հայաստան նախաձեռնությունը իրականացվում է Եմենիջյան ընտանիքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Էլի և Էլզբիեթա Աքիլյանների, ինչպես նաև մեր մյուս բարերարների նվիրատվությունների շնորհիվ։

5693 | 0
Facebook