Խնդրում ենք սպասել...

Համացանց

«4 ամսական երեխան գրեթե անգիտակից վիճակում էր, մարմարի պես սպիտակ մաշկով, 4-րդ աստիճանի ջրազրկմամբ». նեոնատոլոգ

22:36, երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ.
«4 ամսական երեխան գրեթե անգիտակից վիճակում էր, մարմարի պես սպիտակ մաշկով, 4-րդ աստիճանի ջրազրկմամբ». նեոնատոլոգ

Բժիշկ, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չեմ մոռանա:⠀
     1️⃣Տարիներ առաջ հիվանդանոց ընդունվեց 4 ամսական երեխա՝ գրեթե անգիտակից վիճակում, մարմարի պես սպիտակ մաշկով, 4-րդ աստիճանի ջրազրկմամբ, հիպերգլիկեմիայով և աղիքային ինֆեկցիայով:⠀

Պատճառը՝ ԿԿ-ի սակավության պատճառով երեխային ջրով նոսրացրած «խտացրած կաթով» կերակրելը:
     Դա ժամանակի ընթացքում բերել էր նման ծանր հետևանքի:
     Այդպիսի խորհուրդ էր ստացել մայրը: Արդեն էական էլ չէր՝ խորհուրդը հարևանից էր, տատիկից, պապիկից, թե հորաքրոջից:
     Կարևորն էր փրկել երեխայի կյանքը:⠀
     2️⃣Հաջորդ դեպքը, որ չեմ մոռանա:
     Հիվանդանոց ընդունվեց մի նորածին՝ ստորին վերջույթների, հետույքի և շեքի 4-րդ աստիճանի այրվածքներով: Ոտքերի մատները այրվել էին գրեթե ամբողջությամբ:⠀
     Պատճառը՝ ջեռակ (грелка):
     Էլի ինչ-որ մեկի խորհուրդն էր:⠀
     3️⃣Մյուս դեպքը. հիվանդանոց ընդունվեց 2 տարեկան երեխա՝ կոնքազդրային հոդի երկկողմանի հոդախախտով:⠀
     Պատճառը՝ ձիգ բարուրելը:
     Ուզում եմ նշել, որ այդ հոդերը շանս գրեթե չունեն լիարժեք առողջ դառնալու:⠀
     Այս երեք պատմությունները ունեն մեկ ընդհանուր գիծ. անփորձ ծնողին «փորձառու» մարդկանց խորհուրդը:
     Մենք շատ ենք սիրում խորհուրդներ տալ, այն ոլորտներում, որոնցից գաղափար չունենք ու չենք գիտակցում հնարավոր բարդությունները:⠀
     Մեծերը հաճախ են ասում. «մենք ձեզ էլ ենք այդպես մեծացրել, ամեն ինչ լավ է եղել»: Բայց դա նման է փակ աչքերով մեքենա վարելուն. մեկի մոտ կարող է ստացվել, մյուսն այդքան հաջողակ չգտնվի:⠀
     Բժշկագիտությունը խնամքի բազմաթիվ սխալ մեթոդներ է բացառել 21-րդ դարում, սակայն մենք երեխայի խնամքի մեջ դեռ կիրառում ենք 18-րդ դարի մեթոդները (աչքերին ԿԿ կաթեցնել, հետանցքը օճառ մտցնել, երկարավզիկ, սև օճառով լողացնել, ձեռքի տակ ընկած հեղուկը քիթը լցնել և այլն):⠀
     ☑️Երեխա պլանավորելը պատասխանատվություն է, որից առաջ պետք է կրթվել և իմանալ՝ ոնց չվնասել երեխային, խորհուրդներ ընդունել միայն մասնագետներից: Ձեր երեխան ամբողջությամբ ձեր պատասխանատվությունն է»։

21269 | 0
Facebook