Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ դադարեցնի կոնկրետ անձանց բացահայտելու և սերունդների գնահատականին արժանացնելու անհրաժեշտ անձնագրավորման գործընթացը»․ Դեմոյան

19:36, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Չեմ դադարեցնի կոնկրետ անձանց բացահայտելու և սերունդների գնահատականին արժանացնելու անհրաժեշտ անձնագրավորման գործընթացը»․ Դեմոյան

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒ՞Մ ՀԱՂԹԵԼ․․․
     մտորումներ հայկական բանակի տարեդարձի առթիվ
     Հաղթելուց առաջ նախևառաջ պետք է ունենալ պայքարելու ու չնահանջելու որակներ ու հատկություն, լինի դա բանակ, թե անհատ։ Առաջին նախապայմանը հաղթանակի հասնելու համար, ներսիդ ստրուկին ջախջախելն է ու ազատ ապրելու, ազատ մտածելու ու ԱԶԱՏ պայքարելու ունակություններ ձեռք բերելն է։

Ի՞նչ է նշանակում ազատ պայքարել։ Դա ներսիդ ստրուկից լիովին ազատվելու նախապայմաններից է, երբ երկերեսանիությունն ու փարիսեցիությունը, ինչպես նաև բոլորի հետ լավ լինելու համատարած ցանկությունը մերժելով, համարձակորեն ջրի երես ես հանում հանրային առողջությունը ջլատող ու քայքայող տեսակներն ու հիմնավոր կերպով դիմակազերծում ես կողքիդ ապրող ստրուկին, ստորաքարշին ու բազմունակ հարմարվողին․․․Այսօր նկատում ենք դիմակափոխման ու գունափոխման համատարած ճիգեր, իրենց խոսքերից ու գործողություններից բացեիբաց հրաժարվողների, որոնց համար հարմարվելն ու ադապտացումը նոր իրականությանը, կամ իրավիճակին, այլևս մնայուն կենսակերպ ու կյանքի իմաստ է դարձել։ Հենց այս տեսակի պատճառով է, որ բախվել ենք մի պատի, որը տակավին անհաղթահարելի է թվում․․․
     Մինչև չկարողանանք այս տեսականու դեմ հաղթանակ տոնել, որպես հանրային առողջության ապահովման գլխավոր նախապայման, մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի․․․
     Վերջում կցանկանայի վերահաստատել, որ երբեք ու ոչ մի պարագայում չեմ դադարեցնի կոնկրետ անձանց բացահայտելու և ապագա սերունդների գնահատականին արժանացնելու կարևոր ու անհրաժեշտ անձնագրավորման գործընթացը․․․ Իսկ դա արձանագրող պատմաբանի կարևորագույնն առաքելությունն է․․․

Հ․Գ․ Գրառումս նվիրում եմ թուրքագետ և քաղաքական գործիչ Ռուբեն Մելքոնյանին, ով այսօր ինձ արժանացրեց «կիսախելագար ցեղասպանագետ» պատվավոր տիտղոսին․․․

Աղբյուրը` Հայկ Դեմոյան
2767 | 0
Facebook