Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրինաչափ չէ փախուստը սեփական պատասխանատվությունից». Րաֆֆի Հովհաննիսյան

10:42, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Օրինաչափ չէ փախուստը սեփական պատասխանատվությունից». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Հայոց Բանակի երեսնամյակի առթիվ. «Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար և հպարտ: Ներկա եմ նաև այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:

Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին և նրան կիպ ու զորավիգ:

Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել ևս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:

Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է և՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:

Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:

Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:

Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»:

3050 | 0
Facebook