Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն օդի տուրքից

18:44, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի ուղևորները կազատվեն օդի տուրքից

Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից», – պարզաբանել են Կոմիտեից:

Ըստ կոմիտեի կայքի՝ Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն` 3 տարով:

Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:

Օդի տուրքը կազմում է 10 հազար դրամ, այն ներառվում է տոմսի գնի մեջ:

Ավելի վաղ FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել էր, որ փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն էր տվել նաև թուրքական Pegasus ավիաընկերությանը:

2608 | 0
Facebook