Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փնտրվում է նախագահ. «Ժողովուրդ»

09:36, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Փնտրվում է նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեև վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։

Թերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ Թերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։

Թեև իշխանությունը նախագահի մի քանի թեկնածուների անուններ դիտարկել է, որոնց մասին նաև մամուլը գրեց, բայց չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանը որոշի սեփական թիմից որևէ մեկին նախագահ «կարգել»: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պատկերացումների նախագահի կերպարին: Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։

«Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», – հայտարարեց Փաշինյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

3079 | 0
Facebook