Մոզամբիկում ճաղատ տղամարդուն գլխատել են՝ կարծելով, թե նրա գլխում ոսկի կա: Այս մասին հայտնում է The South African կայքը։
Սպանությունը ծիսական բնույթ է կրել. այդ երկրի որոշ բնակիչներ հավատում են, որ ճաղատների գլխում ոսկի կա։ Սա առաջին անգամը չէ, որ նման հանցագործություններ են տեղի ունենում, ինչը մտահոգում է Մոզամբիկի իշխանություններին։
Աղբյուրի տվյալներով՝ տղամարդու գլուխը պետք է վաճառվեր Մալիում ապրող «գնորդին», սակայն նա, ի վերջո, անհետացել է։ Հանցագործները գլուխը թողել են Մուանդիվա քաղաքում: Դեպքը հետաքննում է տեղի ոստիկանությունը։
Նշվում է նաև, որ այս տարօրինակ համոզմունքի պատճառով վերջերս առնվազն հինգ մարդ է սպանվել։ Ոստիկանները նաև ենթադրում են, որ այդ համոզմունքը տարածել են տեղացի «կախարդները»՝ այդպիսով ստիպելով իրենց մոտ բերել ճաղատների գլուխներ:
Արտաքին տեսքի հետ կապված ծիսական սպանությունները տարածված են այս մայրցամաքում։ Օրինակ, Տանզանիայում և Ուգանդայում սպանում կամ անդամահատում են ալբինոսներին։