Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

19:06, կիրակի, 16 հունվարի, 2022 թ.
Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։
     Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։
     2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձևայգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։Ռուբեն Արուտչյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցելԵրևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր։

ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյան
ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյան

     Նշենք, որ Ռուբեն Արուտչյանը նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին է և Միքայել Արուտչյանի եղբորորդին։Արուտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե` Այվազովսկու 14/4):
     Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։

3240 | 0
Facebook