Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Համացանց

«Մենք արհամարհեցինք պետականության իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով». Հակոբ Հակոբյան

20:12, ուրբաթ, 14 հունվարի, 2022 թ.
«Մենք արհամարհեցինք պետականության իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով». Հակոբ Հակոբյան

ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածված տեսակետ կա, թե ռուս-թուրքական դաշինքն անխուսափելի էր, և ինչպիսի դիրքորոշում էլ հայերն ունենային, ռուսները, հանուն թուրքերի հետ դաշինք կնքելու, միևնույնն է, զոհաբերելու էին հայկական շահերը: Սա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 1920թ. ամռանը քեմալականները պատերազմի մեջ էին հույների հետ, ռուս-հայկական համատեղ պահանջների առաջ անզոր էին և ստիպված էին զիջումների գնալ: Ճիշտ է, Հայաստանը Սևրի պայմանագրի չափ տարածք չէր կարող ձեռք բերել արևելյան Անատոլիայում, սակայն առնվազն դրա կեսը մենք կունենայինք: Ինչ վերաբերում է Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հարցին, ապա այստեղ էլ ամեն ինչ կախված էր նրանից, թե ինչ զիջումներ կարող էր անել Մոսկվան հայերին: Օրինակ՝ եթե մենք համաձայնեինք խորհրդային կարգերի հաստատմանը, ապա չէր բացառվում, որ դրա դիմաց կստանայինք և՛ Ղարաբաղը, և՛ Զանգեզուրը, և՛ Նախիջևանը: Այս խնդիրները կախված են լինում ոչ թե այս կամ այն ազգի հանդեպ համակրանքից, այլ այն բանից, թե ինչ են իրենցից ներկայացնում Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանի խորհրդայնացման գինը պարզ էր:

Քեմալականները և ադրբեջանցի պանթուրքիստները գնացին այդ քայլին, որպեսզի դրա դիմաց ստանան աջակցություն Մոսկվայից: Եվ հենց այդպես էլ եղավ: Փաստորեն, ռուսներին զոհաբերելով Ադրբեջանը՝ Թուրքիան փրկվեց: Հայաստանի խորհրդայնացման գինն անհայտ էր: Եվ այդ անհայտության տիրույթում ռուս բոլշևիկներն ունեին մանևրելու լայն դաշտ:
     Տեսակետ էլ կա, թե իբր հայերը կարող էին ինքնուրույն լեզու գտնել թուրքերի հետ: Այս տեսակետը նույնպես իրատեսական չէր, քանզի քեմալականներն ընդունել էին իրենց «ազգային ուխտը» և ոչ մի մետր տարածք չէին զիջելու հայերին: Դա կարող էր արվել կա՛մ ուժով, կա՛մ քաղաքական պարտադրանքով: Ո՛չ առաջինը, ո՛չ էլ երկրորդը հայերն այդ պահին չունեին:

1919թ. մենք մերժեցինք անգլիացիներին, 1920թ. ամռանը փաստացի մերժեցինք ռուսներին՝ ստորագրելով Սևրի պայմանագիրը, որն ուղղված էր Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ և որի հետևանքով ընդամենը մի քանի ամիս անց այդ երկու ուժերի հարվածի տակ ընկնելով՝ կորցրեցինք և՛ տարածքները, և՛ պետականությունը: Այսպիսով, մենք արհամարհեցինք պետականության կառուցման մեզ առաջարկվող իրատեսական նախագծերը, փոխարենը հրապուրվեցինք «վիրտուալ Հայաստանի» գաղափարով՝ թիրախ դառնալով երկու հզոր ուժերի համար և այդ վիրտուալ պայմանագրի պատճառով՝ մենք կորցրեցինք տարածքներ և պետականություն»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
| | |
1198 | 0
Facebook