Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էմմանուելի ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար»․ Արմեն Մուրադյան

12:36, երեքշաբթի, 11 հունվարի, 2022 թ.
«Էմմանուելի ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խորհրդանշական ծնունդ՝ մայրն, ունենալով որդու կորստի ապրումները, ուժ գտավ իր մեջ, և նոր կյանք պարգևեց՝ Էմմանուելը ծնվեց․․․

Տավուշի մարզի երիտասարդ բժշկուհու, ԵՊԲՀ շրջանավարտ՝ Վարդուհի Վարդապետյանի աշխատանքի հուզիչ պահերից մեկը մի քանի օր առաջ՝ հունվարի 6-ին, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբոր` Էմմանուել Մանուչարյանի ծնունդն էր:
     44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանը Տավուշի մարզի Հաղարծին գյուղից էր: Նրա եղբոր ծնունդը սպասված էր ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ գյուղի համար:
     Երեխայի ծնունդն ընդունող բժշկական թիմից Վարդուհի Վարդապետյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը ավարտել է 2009 թվականին, ապա ընդունվել է կլինիկական օրդինատուրա ՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որն անցել է «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում:
     Վարդուհի Վարդապետյանն այժմ ղեկավարում է Իջևանի բուժկենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
     «Վիրահատությունը ընթացել է հարթ, որևէ խնդիր չի առաջացել, իրապես մեզ համար հրաշք էր: Ծնվել է առողջ երեխա, 3 կգ 700 գրամ քաշով, 51 սմ հասակով: Չեմ կարող հուզմունքս բացատրել, չափազանց մեծ էր պատասխանատվությունը, խորհրդանշական ծնունդ էր: Մայրն, ունենալով որդու կորստի այդ ապրումները, ուժ գտավ իր մեջ, և ծնվեց Էմմանուելը»,- խոստովանում է բժշկուհին:
     Օրդինատուրան ավարտելով 2013 թվականին Վարդուհին անմիջապես մեկնել է հայրենի քաղաք՝ Իջևան աշխատելու:
     «Ի սկզբանե որոշել էի, որ պետք է բուհն ավարտելուց հետո անպայման վերադառնամ Տավուշ: Բժշկական համալսարանն իսկապես մայր բուհ է, այն մեզ կայացրել է նախ որպես մարդ, տվել մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, մշտապես գործելու կամք: Դասավանդել են դասախոսներ, որոնք լավագույնս գիտակցում էին սահմանին բժշկագիտությունը զարգացնելու կարևորությունը, խրախուսում մեզ՝ ուսանողներիս, դառնալ դրա մասնակիցը»,- նշում է Տավուշում աշխատող երիտասարդ բժիշկը:
     Նա վստահ է, որ մարզերում ևս պետք է հավասարապես առաջ գնա բժշկությունը՝ հանգեցնելով ընդհանուր բժշկագիտության բարձրացմանը հանրապետությունում:
     «Շատ բարդ վիրահատություններ, որոնք չէին կատարվում այստեղ, հիմա Երևանի տարբեր բուժհաստատությունների մեր գործընկերների օգնությամբ, իրականացվում են հենց տեղում: Գալիս են մասնագետները և օգնում ՝ կատարելու այդ վիրահատությունները, և նաև կիսվում իրենց փորձով, վերապատրաստման դասընթացներ անցկացնում»,-ընդգծում է Վարդուհի Վարդապետյանը:
     Երիտասարդ բժշկուհին ցանկանում է, որ իր գործունեության ընթացքում մարզում շատանան ծնունդները, որ սահմանին մանկան ճիչեր շատ լսվեն»:

4434 | 0
Facebook