Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի միջոցով փորձ է արվում առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին:
Գիրք-ալբոմում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Մատենադարանում, ընդգրկված են 20 ձեռագրից մոտ հարյուր մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ: Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում և լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը:
Իվեթ Թաջարյանը գրքի վրա աշխատել է երեք տարի: Նա նշեց, որ եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն գիրք-ալբոմում ներկայացված նկարազարդ ձեռագրերն ու ինքնատիպ կազմերը այդ Ղաջարական շրջանին բնորոշ առանձնահատկություններ ունեն: