Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային». Արմեն Պետրոսյան

14:06, հինգշաբթի, 09 դեկտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանը կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. ««Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. «Զանգեզուրի միջանցք» հորջորջվող թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման հարցում Բաքվի քաղաքական մարտավարությունը գրեթե նույնն է, ինչ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այն ենթադրում է հետևյալ մարտավարական քայլերի տրամաբանությունը՝

1. Իմիտացիոն կեցվածք և մասնակցություն «տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացին», բայց վճռորոշ պահին վերջնական պայմանավորվածության ձախողում, ինչպես տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և տարածված հայտարարությունից հետո։ Արցախյան կարգավորման գործընթացում Ադրբեջանի վարքագծի նմանատիպ վառ օրինակ էր 2011թ. Կազանում ԱՀ, ՀՀ, ՌԴ նախագահների հանդիպումն ու նախատեսված պայմանավորվածությունը։

2. Գործընթացի ողջ ընթացքում քաղաքական գործիքակազմին զուգահեռ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի գործադրում։ Այս դրույթին ևս պարբերաբար ականատես ենք լինում անցած 1 տարվա ընթացքում։ Ամենավերջինը՝ նոյեմբերի 16-ի ագրեսիան է և «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իլհամ Ալիևի վերջին բարբաջանքները՝ հայկական կողմից միջանցքի բացման հստակ ժամկետի ակնկալման պահանջով։

3. Պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական կողմի նման մարտավարությունը հաշվարկված է նաև որպես հայ հասարակության վրա հոգեբանական ներազդման գործիք՝ նոր պատերազմի սպառնալիքի հնարավորության շեշտադրմամբ։

4. Կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային։ Վերոնշյալի համատեքստում Երևանին անհրաժեշտ է մշակել նաև բանակցային գործընթացից դուրս (որն ընթանում է կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ) Բաքվի գործողությունները կանխելու մեխանիզմներ և՛ միջազգային կառույցներում, և՛ գործընկերների հետ քննարկումներում, և՛ Ադրբեջանի ներսում»։

2942 | 0
Facebook