Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գերիների հարազատները՝ ադրբեջանական քարոզչության թիրախում

21:06, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
Գերիների հարազատները՝ ադրբեջանական քարոզչության թիրախում

Ադրբեջանական քարոզչական հարթակները համացանցում տարածում են հայերեն լեզվով հաղորդագրություն, որն ուղղված է գերեվարված և անհետ կորած հայ զինծառայողների հարազատներին։ Քարոզչական տեքստում կոչ է արվում ադրբեջանական որոշ էլեկտրոնային հասցեներով իրենց ուղարկել տեսաուղերձներ, դիմումներ և նամակներ՝ իբրև թե գերեվարված անձանց հետ կապ հաստատելու և նրանց վերադարձնելու համար, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
     Զգուշացնում ենք, որ տվյալ հաղորդագրությունը տարածող հարթակները ադրբեջանական քարոզչական համակարգի մաս են կազմում։ Դրանք ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո պարբերաբար հրապարակել են հայ զինծառայողների սպանության, կտտանքների և խոշտանգումների կադրեր։ Ակներև է, որ այժմ, օգտվելով Հայաստանում տվյալ խնդրի զգայուն լինելու հանգամանքից և հանդես գալով իբրև թե մարդասիրական նախաձեռնությամբ, ադրբեջանական քարոզչամեքենան նպատակ է հետապնդում հայթայթել տեսաուղերձներ և դիմումներ, որոնք փորձ է արվելու օգտագործել Հայաստանի հանրության շրջանում բարոյալքող և հուսալքող քարոզչություն իրականացնելու համար։
     Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական խայծին և որևէ պարագայում չուղարկել տեսաուղերձներ կամ դիմումներ։

4210 | 0
Facebook