Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
Վկոնտակտե

Համացանց

«Գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ». Ավետիք Չալաբյան

17:48, չորեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2021 թ.
«Գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ». Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ դեռևս գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ նոյեմբերի 16-ին Սիսիանի դիրքերում գերի հանձնված զինծառայողներին, դրանով հերթական բաժանարար գծերը տանելով մեր հասարակության մեջ, և փոխադարձ ատելության և վիրավորանքների մի նոր անտակ անոթ բաց անելով։

Անկեղծ ասած, գերիների հարցը չափազանց զգայուն ու բարդ է, որպեսզի այսպիսի վուլգար քննարկման առարկա դառնա։ Պատմության մեջ համարյա ցանկացած պատերազմ ուղեկցվում է գերեվարումներով, և գերի հանձնման դեպքերն էլ խիստ տարբեր են։ Որոշ դեպքերում դիմադրությունը պարզապես անհնար է (գերի հանձնվածը ծանր վիրավոր է, կամ սպառվել է զինամթերքը), որոշ դեպքերում՝ անիմաստ (դիմադրությունը բերում է մարդկային կորուստների, բայց մարտական խնդիր չի լուծում), որոշ դեպքերում էլ գերի հանձնվողը, ընդհակառակը, դրանով տապալում է մարտական խնդրի կատարումը, և վտանգի տակ դնում իր մարտական ընկերներին։ Ուստի ամեն առանձին դեպք հատուկ ուսումնասիրության կարիք ունի, և դա պետք է արվի արդեն նրանից հետո, երբ գերին վերադարձված է հայրենիք, նրա կյանքին և առողջությանը ոչ մի բան չի սպառնում, նա ընդունակ է կանգնել սեփական պետության ատյանների առաջ, և բացատրություններ տալ իր գործողությունների մասին։ Մինչ այդ, գերին մեր հայրենակիցն է, և մեր բոլորի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն՝ պաշտպանելու նրա կյանքը, արժանապատվությունը և ազատության իրավունքը։ Ի հավելումն դրա, կարևոր է, որ այս զգայուն թեման չշահարկեն այն մարդիկ, ովքեր իրենք անմիջականորեն մեղավոր են մեր հայրենակիցների գերեվարման մեջ։ Այսօրվա գործող իշխանությունը ոչ միայն առանց մի կրակոցի, ափալ-թափալ հանձնել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, և թշնամուն բերել է Սյունիքի անպաշտպան սահմանների մոտ, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած ժամանակաշրջանում, տառացիորեն ձախողել է նոր պաշտպանական բնագծերի կառուցումը ևզինծառայողների համար նվազագույն անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը։ Ես իրավունք չունեմ ռազմական գաղտնիքներ բացահայտել, բայց խնդրո առարկա հատվածում, որտեղ թշնամին առաջ է եկել նոյեմբերի 14-16 ժամանակահատվածում, դիրքերում պարզապես ողբալի վիճակ էր՝ չկային ո՛չ նորմալ ամրաշինություններ, ո՛չ նորմալ դիտարկման սարքավորումներ, ո՛չ ականադաշտեր, ո՛չ փշալար, ո՛չ կեցության նվազագույն պայմաններ, և այս ամբողջը մի պարզ պատճառով՝ գործող իշխանությունը չի համարում, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ իր «հանճարեղ» պատկերացմամբ, այս հատվածում սահմանազատումից հետո բանակը միևնույն է հետ է քաշվելու, այստեղ լինելու է «անվտանգ» պետական սահման, որը մեր բանակի փոխարեն երևի պահպանելու են հարահաս ռուս սահմանապահները։

Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ շ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։ Եթե մենք ամառային ամիսներն օգտագործեինք դիրքերը եղած նվազագույն ստանդարտով կահավորելու համար, իսկ թշնամու առաջխաղացումներն էլ մեր տարածքում դիմավորեինք կրակով, այսօր այսպիսի վիճակ չէր ստեղծվի, մենք գերիներ չէինք ունենա, թշնամին չէր հոխորտա «Զանգեզուրի միջանցքի» մասին, մենք էլ սահմանները թողած, Երևանի կենտրոնում այսօր իրար հետ հաշիվներ չէինք պարզի։

Հիմա էլ դեռ ուշ չի ձմռան և գարնանային ամիսներն օգտագործելու՝ մեր երկրի ամենախոցելի հատվածի պաշտպանությունն էապես ամրացնելու, թշնամու հետագա գործողությունները կանխատեսելու և կանխելու, և մեր հասարակության բաժանարար գծերը մեղմելու համար։ Դրա համար սակայն, պետք է, որ Երևանում թանկարժեք մեքենաներով շրջող, Հունաստանի թանկարժեք կուրորտներում քեֆ քաշող, իրենց պարապ մտքերով պարբերաբար փայլող «ռազմագետները» խոնարհաբար հեռանան իշխանությունից, և թույլ տան մեր երկրի արժանապատիվ և գիտակից հատվածին՝ պաշտպանելու սեփական հայրենիքը։ Մենք դա անելու ենք ցանկացած դեպքում, սակայն առանց ձեզ հաստատ շատ ավելի լավ կստացվի։ Մինչ այդ, համբերություն եմ ցանկանում մեր բոլոր գերիների հարազատներին, որդիներին անփորձանք վերադարձ, և այլևս ոչ մի գերի՝ այս դժնի թշնամուն»։

| | |
1929 | 0
Facebook