Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ». Ժաննա Անդրեասյան

13:54, չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.
«Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Հանրային քննարկման ենք ներկայացրել դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի նախագիծը։

✅ Կարգը սահմանում է դասագրքի հանդեպ պետության պահանջները, ինչպես.

✅ դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,

✅ դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

✅ դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

✅դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

✅դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ։

✅ Նախատեսվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Սովորողը, ծնողի գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

✅ Նախատեսում ենք, որ դասագրքերի ստեղծման մրցույթը կառանձնացվի դասագրքի հրատարակման մրցույթից։ Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։

✅ Ներկայացված է նաև դասագրքերի փորձաքննության կարգը՝ համապատասխանության, բովանդակային, վարկանիշային գնահատման փուլերի միջոցով, ինչպես նաև գնահատող հանձնաժողովների ձևավորման կարգը՝ սահմանված պահանջներին համապատասխանող փորձագետների շտեմարան ձևավորելու և ձևավորված շտեմարանից համակարգչի միջոցով ընտրության միջոցով։ Սահմանված է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկվեն հետևյալ մասնագետները.

տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ,

մանկավարժ-մեթոդիստ,

մանկավարժ-հոգեբան,

հայոց լեզվի մասնագետ,

նկարիչ-ձևավորող,

բժիշկ-հիգիենիստ։

Մանրամասները՝ այստեղ»:

2792 | 1
Facebook