Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ինչ անել, եթե ճանապարհային ոստիկանը կամ պարեկը հրաժարվում են Ձեզ տրամադրել վարչական ակտը

01:06, երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Ինչ անել, եթե ճանապարհային ոստիկանը կամ պարեկը հրաժարվում են Ձեզ տրամադրել վարչական ակտը

«Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամ Գագիկ Մելիքյանն զգուշացնում է. «Վերջերս շատացել են դեպքերը, երբ վարորդները բողոքում են ակտը կազմելու ընթացքում ճանապարհային ոստիկանների և պարեկային ծառայության աշխատողների (պարեկների) ոչ իրավաչափ գործողություններից։ Մասնավորապես, վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո, երբ վարորդը, համաձայն չլինելով ենթադրյալ խախտման հետ, առարկում է արձանագրության մեջ կամ տեղեկացնում է, որ պատրաստվում է բողոքարկել վարչական ակտը, ճանապարհային ոստիկաններն ու հատկապես պարեկները վարորդին չեն տրամադրում ակտը (որոշ դեպքերում անգամ ասում են, որ «միանգամից գնալու ա ԴԱՀԿ»), որով վերջինիս գործնականորեն զրկում են ակտով նախատեսված գումարը վճարելու (քանի որ վճարելիս անհրաժեշտ է լրացնել ակտի համարը) կամ բողոքարկելու հնարավորությունից։ Բողոքարկումից հետո վերադասին «անմեղ աչքերով» ասում են, իբր վարորդը հրաժարվել է վերցնել ակտը։
     Մի քանի խորհուրդ նման դեպքերում․
     Եթե ճանապարհային ոստիկանը կամ պարեկը հրաժարվում են Ձեզ տրամադրել ակտը, խնդրեք գոնե լուսանկարել այն կամ առնվազն հիշել ակտի համարը։ Եթե չի ստացվում լուսանկարել կամ հիշել համարը, անհրաժեշտ է առանց ուշացնելու գրավոր դիմել ակտը կազմող մարմնի վերադասին՝ տեղեկացնելով կատարվածի մասին (նշելով միջադեպի տեղը, օրը, ժամը, մեքենայի բորտ համարը, տեսուչի ազգանունը և այլն), այսինքն, որ Ձեզ խաբել են ու չեն տրամադրել ակտը և խնդրելով տրամադրել արձանագրության կամ ակտի պատճենը։ Հիշեք, որ այդ ակտի դեմ վերադասության կարգով բողոքարկելու (վարչական բողոք) իրավունք ունեք ակտը կազմելուց հետո 30 օրվա ընթացքում։
     Անհրաժեշտ է հիշել
     Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի՝
     1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
     Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի՝
     1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
     2. Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:
     Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
     Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
     Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաև այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը:
     Համաձայն Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի՝
     Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
     Իմացեք Ձեր իրավունքները պաշտպանված լինելու համար»։

13173 | 0
Facebook