Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Երկրորդ առանցքային հարցը վարչապետ Փաշինյանի ասուլիսից». Հակոբ Բադալյան

23:48, հինգշաբթի, 25 նոյեմբերի, 2021 թ.
«Երկրորդ առանցքային հարցը վարչապետ Փաշինյանի ասուլիսից». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկրորդ առանցքային հարցը, որ իմ սուբյեկտիվ գնահատմամբ առանձնացրի վարչապետ Փաշինյանի ասուլիսից, ինչի մասին խոսել է նախօրեին՝ որ կանդրադառնամ առանձին գրառումով: Դա «թշնամի Թուրքիայի» թեման է: Այն, թե ինչ նկրտումներ ու մոտեցումներ ունի Թուրքիան Հայաստանի հանդեպ, երևի չունի ավելորդ նկարագրությունների կարիք: Մյուս կողմից, մեզանում՝ մեր հանրային, պետական դիսկուրսում այս հարցը տասնամյակներով պարզունակացվել է «թշնամության» հռչակագրի մակարդակի:
     Ընդ որում, այստեղ, իհարկե, թե՛ «ակադեմիական», թե՛ «սրճարանա-ժամանցային» հռչակագրեր են՝ և հիմնականում Երևանում «ուրբանիզացված», ու գործնականում ոչ մի քաղաքական լուծում՝ լինի տակտիկական, թե ստրատեգիական: Այդ «թշնամության հռչակագիրը» քաղաքական լայն տակտիկա-ստրատեգիական լուծում է եղել ու մնում մեկ երկրի համար՝ Ռուսաստանի:
     Ու բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնամի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտածողությունը սահմանափակելով լոկ այդ պրիզմայի շրջանակում, հայկական պետականությունը միջազգային իրավա-քաղաքական սուբյեկտի հեռանկարի փոխարեն ստանում է ռուսական հավերժ ֆորպոստի կարգավիճակ: Անգամ «Դաշնային սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի:
     Իսկ ֆորպոստը մշտապես լինելու է պատերազմների մեջ՝ դրանից բխող ծանր հետևանքներով, իհարկե ոչ միայն պարտությունների՝ այլ նաև հաղթանակների դրվագներով, բայց բոլոր դեպքերում հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհերով: Ֆորպոստը հենց դրա համար է, որ պատերազմն իր ծանր հետևանքով, որքան հնարավոր է, հեռու լինի «Դաշնային սուբյեկտների» սահմաններից:
     Որն է ելքը: Այդ հարցը չունի միարժեք կամ կարճ, արագ պատասխան: Բայց ելքը հաստատ բանալ հակառուսականությունը չէ: Ավելին, այդ բանալ հակառուսականությունը խորացնում է ճգնաժամը, որովհետև տիրապետելով շատ ավելի մեծ ու լայն, բազմազան ազդեցության և ռեսուրսների, Ռուսաստանը կարողանում է հենց իր համար օգտագործել այդ «բանալ գործիքը», հաճախ կամ շատ դեպքերում հենց ինքն էլ դրած լինելով դա հայ ժողովրդի «ձեռքում»՝ հակառուսականություն և հակաթուրքականություն, հայկական միտքն ու քաղաքական բովանդակությունը կամա, թե ակամա սեղմող միևնույն «հարթաշուրթի» (պլասկագուպցի) երկու «ծնոտը»:
     Ելքը ոչ թե մյուս կողմից էլ Ռուսաստանը թշնամի հռչակելն է՝ ինչը Ռուսաստանը, ինչպես նշեցի, ինքն էլ հենց նաև հմտորեն խթանում և հետո վերածում է մեր դեմ բումերանգի, այլ այս՝ հայկական պետականության ճակատագրի համար թուրքական խնդրին առնչվող հարցերը «թշնամության» ստանդարտ «պրիզմայից» դուրս բերելը:
     Որպեսզի դրանով նաև կարողանանք Ռուսաստանին թույլ չտալ ստանալ բումերանգի էֆեկտ, ու նաև դուրս բերենք Հայաստանի հանդեպ իր ավանդական կամ ստանդարտ գնահատումների պրիզմայից:
     Սա էլ մյուս բավականին խորը ճգնաժամն ու փակուղին է հայկական պետականության ճանապարհին, որի հաղթահարումը անշուշտ ենթադրում է շատ բարդ աշխատանք թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին դաշտում: Որովհետև, ի վերջո, այդ խնդիրը լուծելու համար էլ Հայաստանը պետք է ամեն օր ուժեղանա ներքին կարողությունների առումով: Բայց, նաև պետք է ամեն օր փոխվի ռազմավարական խնդիրները դիտարկելու և լուծումներ գտնելու մեր մտածողությունը, մեթոդաբանությունը, մաղելով դրանից պաթետիկ զգայականությունն ու մեծախոս կենացականությունը, եվ, մեկ էլ՝ աշխարհը չարերի ու բարիների բաժանելու հեքիաթականությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
| | |
2445 | 0
Facebook