Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 29 նոյեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Իրադարձություններ

ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

19:54, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Վահե Գևորգյանը կարևորել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը՝ նշելով, որ Հայաստանը հանդիսանում է դաշինքի բարեկամների խմբի անդամ։ Նա ընդգծել է, որ միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանումը էական դեր կարող են ունենալ խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։

ԱԳ նախարարի տեղակալը Բարձր ներկայացուցիչ Մորատինոսին տեղեկություններ է տրամադրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, սրբապղծման և դրանց պատմության միտումնավոր խեղաթյուրման դեպքերի վերաբերյալ։ Այս առնչությամբ շեշտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն իրականացնելու հրատապությունը։

Զրուցակիցները համաձայնել են, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում կարող է նպաստել տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

| | |
944 | 0
Facebook