Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ»․ Էրդողան

12:54, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ»․ Էրդողան

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։ Միջոցառումներից հետո նրանք Կովսականում (Զանգելան) առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին․ փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը։

Էրդողանը Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև տնտեսական ու առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ քննարկել են ընթացքում գտնվող նախագծերը և ապագային միտված ծրագրերը, որոնք վերաբերում են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին և Ղարաբաղի զարգացմանը։

Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և կապուղիներին՝ նշելով․ «Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»։

Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիայի նախագահը՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի, իր ելույթի ժամանակ չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։

Թուրքիայի ղեկավարը համոզված է, որ այդ զարգացումից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Միաժամանակ պարտադիր է համարել սահմանների հստակեցումը և փոխադարձ ճանաչումը՝ շեշտելով, որ նման ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը։

«Անհրաժեշտ է, որ այս հարցերում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար անկեղծ կամք դրսևորի։ Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի, ապա Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու առջև ոչ մի խոչընդոտ չի մնա։ Aմբողջ տարածաշրջանի համար միասնաբար ստեղծվելիք բարեկեցիկ ապագան փոքր/ճղճիմ հաշիվների և ներքաղաքական հարցերի համար զոհելը նշանակում է ժամանակ կորցնել։ Աշխարհի այս գեղեցիկ հատվածում խաղաղ պայծառ ապագան միանգամայն հնարավոր է։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Թուրքիան մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արված յուրաքանչյուր դրական քայլին կպատասխանի նույն կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Էրդողանը։

4206 | 0
Facebook