Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է». Լևոն Զուրաբյան

10:36, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. ««Պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար»:

Այսպես է գրված Սահմանադրության 96 հոդվածում: Սա սահմանադրական նորմ է, որը սահմանում է հատուկ ազատություն` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի համար: Սա ազատ խոսքի և ֆունկցիոնալ պառլամենտարիզմի գլխավոր երաշխիքներից մեկն է ցանկացած ժողովրդավարական երկրում:

Դաշնակցությունը, Գեղամ Մանուկյանը և, ընդհանրապես, ոչմիթիզականությունը (այդ թվում՝ ընդամենը մեկ տարի առաջ նրա նվիրյալ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը) ուղղակի պատասխանատվություն են կրում վերջին պատերազմի և Հայաստանի նվաստացուցիչ պարտության հետևանքների համար: Սակայն, այն տեսարանը, երբ նիկոլականներին դավաճան անվանելու համար պատգամավորին բռնի ուժով հեռացնում են Ազգային Ժողովի ամբիոնից, զզվանք է առաջացնում և ցույց տալիս, որ ներկա իշխանությունները թքած ունեն ժողովրդավարական ազատությունների և դրանք ամրապնդող սահմանադրության վրա:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հնարեցին պատգամավորների «ականջները քաշելու մասին» օրենքը և փորձեցին այլ պատգամավորների ձեռքերով խափանել ընդդիմության ելույթները, Սերժ Սարգսյանի օրոք ամեն տեսակի «դաղալություններով» մերժում էին վարման կարգի վերաբերյալ ելույթների հայտերը կամ մանր խորամանկությամբ ժամանակից շուտ անջատում խոսափողը: Բայց վարողի որոշմամբ բռնի ուժով արգելել ոչ հայհոյական կարծիք հայտնելը, եթե հնչեցրած բառապաշարը դուր չի գալիս իշխանությանը, նման բան երբեք չի եղել և իսկապես «աննախադեպ» է:

Սրանք պատրաստ են իրենց պողպատե «ժողովրդավարական մուրճով» ժողվրդավարության հերն անիծել: Ուրիշ ճանապարհ էլ չունեն. այլապես հնարավոր չէ կանգնեցնել իրենց խայտառակ կառավարմամբ մեր գլխին բերած ազգային աղետի հետևանքով աճող դժգոհությունը:

Մի բան պարզ է. վախը դարձել է այս իշխանության գլխավոր հոգեվիճակը: Դա որևէ լավ բան չի խոստանում ո՛չ նրանց, և ո՛չ էլ Հայաստանին»:

Աղբյուրը` Լևոն Զուրաբյան
4376 | 2
Facebook