Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Ո՞վ և ինչու՞ շշնջաց Սերժի ականջին՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին». Նորիկյան

01:12, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Ո՞վ և ինչու՞ շշնջաց Սերժի ականջին՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին». Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ և ինչու՞ շշնջաց Սերժի ականջին՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին
     2016թ․ հուլիս ամսին ակնհայտ ու բացահայտ հակառուսական տրամադրություններ ունեցող «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մեկ ու կես ամիս անց՝ 2016թ․ սեպտեմբերի 8-ին, հրաժարական է ներկայացնում ՀՀ վարչապետ, ՀՀԿ առանցքային դեմք հանդիսացող, «Սև կարդինալ» Հովիկ Աբրահամյանը։
     Մի քանի օր անց՝ 2016թ․ սեպտեմբերի 13-ին, Սերժ Սարգսյանը Հայաստան է հրավիրում ու ՀՀ վարչապետ նշանակում «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ, 2011թ․ ՌԴ տեղափոխված և ակնհայտ ու բացահայտ ռուսական ազդեցության տակ գտնվող և նրանց վերահսկողության ներքո գործող Կարեն Կարապետյանին։
     Մի քանի ամիս անց՝ 2017թ․ հունվարի 26-ին, Սերժ Սարգսյանի ցանկությամբ Կարեն Կարապետյանն ընտրվում է ՀՀԿ առաջին փոխնախագահ և դարձյալ Սերժ Սարգսյանի ցանկությամբ խորհրդարանական ընտրություններից հետո շարունակում պաշտոնավարել՝ որպես վարչապետ։
     2018թ․ ապրիլի 18-ին դարձյալ Սերժ Սարգսյանի ցանկությամբ և իր համաձայնությամբ նշանակվում է առաջին փոխվարչապետ։
     Մի քանի օր անց Կարեն Կարապետյանն անձամբ է գնում մեկուսարան և այնտեղից դուրս հանում Նիկոլ Փաշինյանին, որից հետո Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարական։
     Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացնում առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Որոշ ժամանակ անց դադարեցնում է անդամակցությունը ՀՀԿ-ին և դարձյալ մեկնում Ռուսաստանի Դաշնություն։
     Հետագայում Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն է անում՝ շեշտելով, որ իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին։
     Թվում է, թե էլ ի՞նչ պետք է աներ Սերժը Կարեն Կարապետյանի համար, որ չի արել, բա՞յց․․․
     2021թ․ հունիսի 14-ին Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ աջակցում է Ռոբերտ Քոչարյանին և հորդորում ընտրել նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքին։
     Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարում է, որ հաղթելու դեպքում Կարեն Կարապետյանին կառաջարկի վերադառնալ Հայաստան ու պաշտոն զբաղեցնել։
     Թե ինչո՞ւ են աստիճանաբար վատթարանում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի և նրանց ղեկավարած քաղաքական թիմերի հարաբերությունները, կանդրադառնանք մի առիթով, բայց այս համատեքստում Սերժ Սարգսյանը պարտավոր է հայտնել հանրությանը, թե․
     1․ Ռուսաստանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ են եղել 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող ժամանակահատավածում մինչև «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը, և հատկապես Արցախի հակամատության կարգավորման առումով։
     2․ Ո՞վ և ինչո՞ւ է շշնջացել իր ականջին՝ հատկապես Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու համար։ Գուցե Վլադիմիր Պուտի՞նն է անձամբ խնդրել կամ հուշել։
     3․ Ի՞նչ դերակատարություն է ունեցել Կարեն Կարապետյանը հեղափոխության ժամանակահատվածում։
     4․ Ի՞նչ հանգամանքներում է իրեն հանձնված իշխանությունը Կարեն կարապետյանը հանձնել Նիկոլ Փաշինյանին։
     5․ Ի՞նչ պետք է աներ Կարեն Կարապետյանն Արցախի հարցում կամ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում, որ չէր ուզում անել Սերժ Սարգսյանը»։

| | |
6108 | 1
Facebook