Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

17:36, շաբաթ, 23 հոկտեմբերի, 2021 թ.
Հայերն իրենց ներկայությամբ նպաստում են եվրոպական երկրների զարգացմանը. Իտալիայի նախկին վարչապետ

Ըստ Իտալիայի նախկին վարչապետ, Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի՝ եվրոպական երկրներում հայերն իրենց ներկայությամբ նպաստում են այդ երկրների զարգացմանը: Իտալիայի նախկին վարչապետը նման տեսակետ է հայտնել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ տեսակապով երկխոսության ընթացքում:

«Փառք Աստծո, որ հայեր կան նաև իմ երկրում, նրանցից շատերին ես անձամբ ճանաչում եմ: Պատմական զարգացումների արդյունքում, որոշ ողբերգական, միգուցե՝ նաև դրական իրադարձությունների հետևանքով հայերը հայտնվել են իմ երկրում»,-ասել է Պրոդին:

Ըստ նրա՝ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի ամուր հարաբերություններ է ունենալու՝ մշակույթի, ավանդույթների շնորհիվ, նաև եվրոպական երկրներում հայ ազգի ներկայության շնորհիվ: «Ի դեպ, ձեր ներկայությամբ միշտ ձեր նպաստն եք բերում եվրոպական երկրների զարգացմանը և կայունությանը»,-ասել է Պրոդին:

Նա նաև նկատել է՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ստիպված է լինելու հավասարակշռություն գտնել բոլոր որոշումներում, բոլոր տեսանկյուններից: «Վստահ եմ, որ մեզ էլ կմտցնեք այդ հավասարության մեջ»,-ասել է նա:

Խոսելով Հայաստանի և Եվրոպայի համագործակցությունից՝ նա նշել է. «Վստահ եմ, որ քայլ առ քայլ ավելի ենք մոտենալու Հայաստանին և ազդեցություն ունենալու Հայաստանի ճակատագրի վրա»:

Պրոդին վստահ է, որ այդպիսի հարաբերությունները զարգանալու են:

Հիշեցնենք, որ Դիլիջանում անցկացվում է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողով»-ը: Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Մտքերի գագաթնաժողով»-ի համակազմակերպիչ , Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն:

2243 | 0
Facebook