Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անկախ դիտորդ»-ի արձանագրած խախտումները՝ ՏԻՄ ընտրություններում

14:18, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
«Անկախ դիտորդ»-ի արձանագրած խախտումները՝ ՏԻՄ ընտրություններում

«Ամենահանգիստը և առանց խախտումների արձանագրված ընտրությունները Մեղրիում են»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով` Տեղ համայնքի Տեղ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ընտրական օրենսդրության որոշակի խախտումներ են թույլ տվել` տեղամասում գտնվել է միաժամանակ 3 վստահված անձ, սակայն ամեն կուսակցությունը կարող է մեկական վստահված անձ ունենալ:

«Ակնհայտ նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես, այսինքն, ընտրողներին տանում-բերում են, նույն մեքենան գնում-գալիս է, ակնհայտորեն ըստ էության, ծառայություն է մատուցում ընտրողներին ընտրողներին տանել-բերելու», - ասուլիսի ժամանակ ասաց Իոաննիսյանը` հավելելով, որ ամեն դեպքում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել իրենց հորդորով, որոնք խնդիրները պակասեցրել են:

Այդ մեքենաների հետևի հողմապակու վրա հիմնականում, ըստ Իոաննիսյանի, ՔՊ-ի թեկնածուի պաստառներն են փակցված:

«Գորիսում տարօրինակ ակտիվություն էր դիտվում գիշերները շտաբներում, խոսքը «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբների մասին է: Ինչ-որ մարդիկ գալիս-գնում էին, սա ժողովրդավարական ընտրությունների տրամաբանության մեջ այդքան էլ բացատրելի չեն», - ներկայացրեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը` միաժամանակ նկատելով, որ օրենքով շտաբներում աշխատանքն արգելված չէ:

«Տեղամասերում արձանագրել ենք ուղղորդման դեպքեր «Առուշ Առուշանյանի» վստահված անձանց կամ կողմնակիցների կողմից», - նշեց նա:

Ընտրակաշառքի մասին որևէ համայնքի դեպքում «Անկախ դիտորդը» փաստեր չունի:

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 6-ում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

Կուսակցությունները դեռ չեն արձագանքել վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ հայտարարություններին:

2190 | 0
Facebook