Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին ընդառաջ». Վարդան Բալյան

01:06, կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.
«Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին ընդառաջ». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ իմ բոլոր ընկերներին ու յուրաքանչյուրին
     Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով: Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ:
     1991 թվականին Իրաքում Փոթորիկ անապատում օպերացիայի ընթացքում ամերիկացիներն առաջին անգամ սկսեցին ակտիվորեն կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաները որպես մարտական գործողությունների միջոց: Այսօր արդեն աշխարհի համարյա բոլոր առաջատար բանակների կազմում գործում են ինֆորմացիոն զորքեր հակառակորդի դեմ արդյունավետ ինֆորմացիոն պատերազմ վարելու գործառույթով: 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ մենք դիտարկում էինք համալիր ինֆորմացիոն գրոհներ ադրբեջանա-թուրքական համապատասխան զորքերի կողմից: Մեր նկատմամբ թշնամու ինֆորմացիոն բացարձակ գերազանցությունը, մասնավորապես, ադրբեջանական և հայկական տեղեկատվական տիրույթներում մեծապես ազդեցին պատերազմական արդյունքի վրա:
     Ու ինֆորմացիոն պատերազմը նոյեմբերի 9-ի հայտարարությունով ոչ թե դադարեց, այլ ադրբեջանա-թուրքական տանդեմը ավելի մեծ հնարավորություններ տվեց լուրջ հաջողությունների հասնել գրոհի առարկա մեր երկրի բնակչությանը իրենց կամքին ենթարկեցնելու առումով: Կարծում եմ, սոցցանցային տիրույթում այդ դիտարկելի է նույնքան ընդգծված, որքան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
     Ադրբեջանցիների ու թուրքերի նպատակը մեր դեմ վարվող ինֆորմացիոն պատերազմում առավել քան ակնհայտ է՝ ստանալ ոչ միայն քաղաքական և ռազմական, այլև զգայական և սոցիալական առավելություն իրենց նպատակներին համապատասխան որոշումներ կայացնելուն պարտադրելու միջոցով:
     Չեմ կարծում, որ իմաստ ունի այս գրառման շրջանակներում անդրադարձ կատարել, թե ի՞նչ որոշումներ են մեզ պարտադրվում հիմա: Մենք պետք է հասկանանք, սակայն, որ մեր ներկա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ ինֆորմացիոն պատերազմում բացարձակ պարտության արդյունքում այդ որոշումները ընդունելու է անգամ եթե հավատանք, որ տրամադիր չէ ենթարկվել Էրդողանի և Ալիևի կամքին: Ի դեպ, եթե մենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպենք, նույնիսկ այս իշխանությունը կսկսի ատամներ ցույց տալ մեր ազգային նվաստացմանը ձգտող թշնամիներին կամ ուղղակի ստիպված կլինի հեռանալ իշխանությունից: Այս տարբերակի ուղղությամբ մեր փորձագիտական թիմի և գործընկեր կառույցների աշխատանքը չտեսնելը հիմա շատ դժվար կլինի, բայց այն ոչ թե ոգևորում է հանրային-ազգային այն ուժերին, ում աջակցությունը մեզ համար առավել քան պահանջված է, այլ դրդում հակառակորդին և նրա դաշնակիցներին ավելի ակտիվ հակազդեցություն կազմակերպել մեր գործողություններին: Սա ինքնին բավարար հիմք է ընթացող ինֆորմացիոն պատերազմում հայկական դիմադրության շարժում կազմակերպելու համար: Բայց խնդիրը հիմա շատ ավելի լուրջ է մեղմ ասած:
     Մենք արդեն տևական ժամանակ է մշտադիտարկում ենք ադրբեջանական ինֆորմացիոն զորքերի ակտիվությունը՝ ավելի քան մեկ տարի: Վերջին մի քանի օրերի տվյալների վերլուծությունը որևէ կասկած չի թողնում այլևս, որ թշնամին նախապատրաստում է ինֆորմացիոն լայնածավալ օպերացիաների համալիր գործողությունների իրականացում, որի նախապատրաստությունը ընթանում է մեծ թափով: Համանման իրավիճակ դիտարկելի էր նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ընդառաջ: Դիմում եմ իմ բոլոր ընկերներին, յուրաքանչյուրին, ով հասկանում և ցանկություն ունի կանխել կրկնությունը իրադրության, որի հետևանքները տեսանելի են անցյալի փորձով ու ակնհայտորեն կանխատեսելի ապագայի համար: Յուրաքանչյուրիդ կարիքը կա, ովքեր ցանկություն ունեն և պատրաստ են աջակցել, մասնակցել, պլյուս դրեք մեկնաբանությունում, անհրաժեշտություն կա մեր տեխնիկական զինանոցի արդիականացման և ուժեղացման, քանի որ թշնամին ձեռք է բերել նորագույն տեխնոլոգիաներ և համարյա ամբողջությամբ փոխում է ինֆորմացիոն աշխատանքի ալգորիթմները: Շնորհակալ կլինենք ցանկացած նյութական ու մասնագիտական աջակցության համար: Հուսով ենք, դեռ ժամանակ ունենք արդյունավետ ինֆորմացիոն պաշտպանություն կազմակերպելու և ջախջախիչ հակահարված տալու համար, որին պատրաստվել ենք երկար ամիսներ»:

Աղբյուրը` Վարդան Բալյան
4126 | 0
Facebook