Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Իրադարձություններ

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը». վարչապետ

17:18, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել:

Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց, մենք կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է: Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով:

Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ խոշոր քննչական մարմինն է, մենք կարևորում ենք և բարձր ենք գնահատում նրա աշխատանքը: Նաև ուզում ենք արդյունավետության բարձրացման խնդիրը երբեք մեր տեսադաշտից չկորցնել, որովհետև արդյունավետ դարձնել համակարգը նշանակում է՝ Կառավարությանը հնարավորություն տալ ավելի արագ տեմպերով, ավելի համոզված և հասցեական մեծացնել սոցիալական երաշխիքների արդյունավետությունը՝ աշխատավարձեր և այլն: Ուզում եմ պայմանավորվենք, որ այս հարցը կլինի մեր ընդհանուր աշխատանքային օրակարգում: Սա միայն Քննչական կոմիտեի վերաբերյալ չէ: Սա մեր բոլոր պետական մարմինների վերաբերյալ է, և այս ուղղությունը մենք անպայման պետք է զարգացնենք:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ հենց ասվածի համատեքստում՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:

Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա:

Այսօրվա մեր խոսակցությունը մի փոքր ավելի աշխատանքային է ստացվում, և որոշակի անհանգստացնող գույներ կան, բայց ես չեմ ուզում, որ մենք հենց այս տրամաբանությունը դարձնենք այսօրվա միակ ասելիքը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Որովհետև պիտի նաև արձանագրենք, որ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում:

Ուզում եմ ընդգծել, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Սա ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պետությունը հենվում է ինստիտուտների վրա, ինստիտուտները հենվում են անձանց վրա, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը դնել ամեն ինչից վեր, պետությունը և պետական շահը, ասել է թե՝ ազգային շահը դնել ամեն ինչից վեր, առաքելությունը, գործառույթը, օրենքի և օրինականության ապահովումը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել:

Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Չկանխորոշելով որևէ բան՝ այդ վերլուծության ամենաակնհայտ հետևություններից մեկը, իմ կարծիքով, այն է լինելու, որ մենք, այնուամենայնիվ, պետական ինստիտուտների կայացման ոլորտում ունենք որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծենք այդ խնդիրները:

Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա:

Կրկին շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և հաջողություններ եմ մաղթում համակարգի ներկայացուցիչներին՝ հանուն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, պետականության, ինքնիշխանության ապահովման, որը, ի վերջո, հանգում է մեր ժողովրդի, նրա իրավունքների, անվտանգության, կամքի և երազանքների պահպանությանը և պաշտպանության»:

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը». վարչապետն այցելել է ՔԿ
| | |
932 | 0
Facebook