Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ուսումնասիրելով համաշխարհային առաջնորդների և քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ գաղտնազերծված միլիոնավոր «Պանդորայի փաստաթղթերը», նոր զեկույց է ներկայացրել:
Զեկույցում ծավալուն անդրադարձ կա Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անծայրածիր ունեցվածքին, գրում է The Guardian-ը:
Ըստ այդմ, Ադրբեջանի նախագահի ընտանիքն ու նրանց մերձավորներն ավելի քան 400 միլիոն ֆունտ արժողության գործարքներ են իրականցրել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում:
Նշվում է, որ Ալիևների ընտանիքը 30 միլիոն ֆունտ շահույթ է ստացել Crown Estate-ում իրենց գույքի վաճառքից:
Գաղտնազերծված փաստաթղթերում կան տվյալներ այն մասին, որ Ադրբեջանի նախագահը 17 անշարժ գույք է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային տարածք: Անշարժ գույքի գնումը ներառում է մեկ շենք, որը 2009-ին 33,5 մլն ֆունտ սթերլինգով ձեռք է բերվել օֆշորային ընկերության կողմից, որի շահառուն նախագահ Իլհամ Ալիևի որդի Հեյդարն է, որն այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։