Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև». Վարդան Ոսկանյան

11:42, չորեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2021 թ.
«Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը՝ Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։

Ակնհայտ է, որ, ի դեմս Թուրքիայի և Պակիստանի, այսպես կոչված, իխվանական («Մահմեդական եղբայրների») համասուննիական առանցքի ռազմաքաղաքական ազդեցության հսկայական աճն ավանդաբար շիայական բնակչությամբ երկիր Ադրբեջանում առաջ է բերել ներքին լարման կետերր՝ հատկապես շիա իսլամի այնպիսի պատվարներ հանդիսացող շրջաններում, ինչպիսին Բաքվից դուրս Ապշերոնն է կամ Թալիշստանը՝ հանգեցնելով նաև բնակչության թուրքամետ և իրանամետ հատվածների միջև բեկվածքների մեծացմանը։

Դրան նպաստում է նաև Իրանի բավական ակտիվ արտաքին ճնշումը Բաքվի բռնապետի վրա, որն իրականացվում է «մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությամբ և շատ հստակ դերաբաշխմամբ։

Գրեթե նույնանման քաղաքականությամբ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացրել է նաև Ռուսաստանը, որը չնայած այս երկրից ներս չունի համակիր կամ աջակից բնակչության զգալի խմբեր, սակայն, ի դեմս Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի (իմա՝ ռազմակայանի), տիրապետում է ազդեցության գործուն և լրջագույն լծակի։

Որքան էլ պարադոքսալ թվա, սակայն թուրքական գրեթե անսահմանափակ ազդեցությունը և Ադրբեջանի ինքնիշխանության որոշակի կորուստը չի կարող խանդավառություն առաջ բերել Բաքվի բռնապետի մեկ այլ աջակցի՝ Իսրայելի քաղաքական ղեկավարության շրջանում, որն իր ազդեցության պահպանման համար արդեն լրջորեն ստիպված է մրցակցել էրդողանական վարչախմբի հետ։

Եթե սրան ավելացնենք այն խնդիրները, որոնք առկա են Եվրոմիության անդամ որոշ պետությունների և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, ապա Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, հաճախ ստիպված է հանդես գալ լարախաղացի դերում․ որը ներքաղաքական և միջազգային նուրբ պարանի վրա ճոճվելիս փորձում է հավասարակշռությունը պահպանել նաև լեզվի անկանոն շարժումներով»։

5818 | 0
Facebook