Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք էդպես էլ չտեսաք, թե ինչպես մեզ ստիպեցին պարտվել, թե ինչպես մերոնք խփեցին մեզ թիկունքից». Ալեքս Թովմասյան

13:00, երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
«Դուք էդպես էլ չտեսաք, թե ինչպես մեզ ստիպեցին պարտվել, թե ինչպես մերոնք խփեցին մեզ թիկունքից». Ալեքս Թովմասյան

Պայմանագրային զինծառայող Ալեքս Թովմասյանը, ով 44-օրյա պատերազմի ընթացքում, սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 22-ը Մարտակերտում մասնակցել է պաշտպանական մարտերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկխոսություն...
     Բարև, ախպերներ։ Ես նորից եկա։ Լա՞վ եք։ Ցուրտ է չէ՞: Գիտեմ, որ մրսում եք։ Ես էլ եմ մրսում։ Ուզում էի խոսել, էլի մեջս կուտակվել էր, էլի եկա ձեզ պատմեմ, թեթևանամ։
     Տարին լրացավ։ Էս պահի նման հիշում եմ՝ ինչպես առավոտյան 07:15 առաջին պայթյունը լսվեց։ Հիշո՞ւմ եք՝ ինչ տագնապ էր, հիշո՞ւմ եք՝ ինչպես արագ անցանք պաշտպանության։ Հիշո՞ւմ եք՝ ինչ խորթ էին պայթյունների դղրդոցներն ու ձայնը, բայց հետո ինչքան հանգիստ էինք, երբ նույնիսկ մի քանի մետր այն կողմ էին պայթում արկերը։ Հիշո՛ւմ եք, գիտե՛մ։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր վառոդի հոտը պատել ամենուր, բայց մաքուր օդի պես շնչում էինք ագահաբար։ Հիշո՞ւմ եք՝ ինչքան ցուրտ էր, այսօրվա նման ցուրտ էր։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես չէինք կարողանում գոնե մի փոքրիկ կրակ վառել տաքանալու համար, որովհետև միանգամից խփում էին կրակի լույսի վրա։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես էինք բացում տուշոնկեն ու առանց տաքացնել, յուղը սառած, մի քանի օրվա չորացած հացով մի կերպ ուտում։ Բայց կեղտոտ թուրքերը կարծես զգում էին, որ հաց ուտելու ենք նստել, սկսում էին կրակել, հացներս կիսատ թողնում, վազում էինք կռվելու, հիշո՞ւմ եք։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես կանգնած տեղերում աչքերներս փակվում էր, ուզում էինք քնել, բայց չէր կարելի, պիտի կռվեինք, պիտի կրակեինք, պիտի պայքարեինք։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես անձրևից թրջված, ցեխերի մեջ պառկում ու փորձում էինք դիմադրելով ցրտին, սովածությանն ու հոգնածության ցավին մի քանի րոպե քնել։ Գիտե՛մ, հիշո՛ւմ եք։ Ես ամեն օր եմ հիշել ու հիշում եմ այս ամենը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես կոֆե էինք խմում, ու էլի կրակեց, էլի վազեցինք կռվելու։ Երբ հետ եկանք կոֆեն սառել էր, վրան էլ թոզ էր նստել պայթյուններից, բայց շարունակեցինք խմել։ Դա իմ կյանքի ամենահամեղ կոֆեն էր։ Հիմա խոսում եմ ձեր հետ, պատմում եմ ու դեմքիս ակամայից ժպիտ է գալիս։ Գիտե՛մ, դուք էլ եք ժպտում։ Ինչ լավ օրեր էին, սաղս միասին էինք։
     Բայց ցավս ուրիշ է, տղե՜րք...
     Դուք էդպես էլ չտեսաք, թե ինչպես ստիպեցին պարտվել։ Դուք էդպես էլ չիմացաք, որ մեր պահած հողերը տվեցին, հանձնեցին թուրքին։ Դուք էդպես էլ չիմացաք, որ մեզ փաստորեն մերոնք խփեցին թիկունքից։ Երանի ձեզ, որ թուրքը խփեց դիմացից, ինձ մեջքից են խփել, մերոնք, ու ապրում եմ թիկունքիս ցավով։ Դուք էդպես էլ չիմացաք, թե ինչպես են վարվում ձեր ծնողների հետ։ Դուք էդպես էլ չտեսաք՝ ինչպես են մեր դրոշը հանում ու թուրքինը դնում, տղե՜րք... Դուք էդպես էլ չիմացաք, որ մեզ օգնել չեն թողել, մեզ զենք չեն ուղարկել, մեզ գիտակցաբար նահանջ են տվել, մեզ դիտավորյալ սպանել են տվել։ Ինչ լավ է, որ չիմացաք ու չտեսաք։
     Էդպես մի նայեք ինձ, տղերք, կռվել եմ, ամեն ինչ արել եմ, բայց ես չէի որոշողը։ Էդպես մի նայեք, գոնե ժպտացեք...
     Հոգնեցի, ոտքերս ցավեց, ուզում եմ նստել։ Անհարմար է խոսելը, ես կանգնած եմ, իսկ դուք պառկած լսում եք։ Չնայած դուք ինձանից բարձր եք կանգնած ձեր պառկած տեղից։ Տղե՜րք, երբեմն ասում եմ ափսոս, որ տղերքը չկան, բայց երբեմն նայում եմ ինչ է կատարվում ու երանի եմ տալիս ձեզ, որ էլ չկաք ու չեք տեսնում, թե ինչ են անում մեր երկրի հետ։
     Դե լավ, չխանգարեմ ձեզ, հանգստացեք։ Ես գնամ։ Էդտեղ իմ համար էլ խրամատ փորեք, որովհետև մենք երկնքից էլ ենք պայքարելու, մենք հանձնվող տեսակ չենք ախպերներ։ Շուտով կտեսնվենք, շուտով կտեսնվենք ախպերներ... Ցտեսություն...»:

5839 | 0
Facebook