Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«ՀՀ իրավապահները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին». Զարուհի Փոստանջյանի բաց նամակը

13:36, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
«ՀՀ իրավապահները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին». Զարուհի Փոստանջյանի բաց նամակը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բաց նամակ է հղել՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Իրանի դեսպան պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար տիկին Դունյա Միյատովիչին, ԵԽ գլխավոր քարտուղար տիկին Մարիյա Պեյչինովիչ Բուրիչին, ԵԽԽՎ նախագահ տիկին Լիլիան Մորի Պասկեին.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, սույն դիմումով հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբն իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումն իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից` (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում:

Շուրջ երկու ամիս առաջ իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ` պայթեցրել և հրկիզել են ամուսնուս ավտոմեքենան, բարեբախտաբար զոհեր չկան: Առայսօր` թեպետ տեսախցիկներն արձանագրել են, որ պայթունից անմիջապես առաջ ավտոմեքենային մոտեցել են երեք տղամարդ և ինչ-որ բան են տեղադրել ու հեղուկ լցրել ավտոմեքենայի վրա, ՀՀ իրավապահ մարմինները չեն ցանկանում բացահայտել մեղավորներին: Ավտոմեքենան առայսօր գտնվում է բակում և հանդիսանում է իրեղեն ապացույց, որը, ըստ ոստիկանության, պետք է այդպես պահել:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգությանը, որը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան: ՀՀ ոստիկանության աշխատակիցները հետևելով ինձ, իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը: Առևանգման հատուկ գործողության ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումն ու լուսանկարներ և ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում»:

6248 | 2
Facebook