Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ակնկալում ենք տեսնել իրավապահ և պատկան մարմինների հետևողական գործողությունները»․ «Ֆիզգորոդոկ Երևան»

18:42, հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
«Ակնկալում ենք տեսնել իրավապահ և պատկան մարմինների հետևողական գործողությունները»․ «Ֆիզգորոդոկ Երևան»

«Ֆիզգորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել. «Ի՞նչ է կատարվում Ֆիզիկայի Գիտավանում.
     Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները` Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և Գազպրոմ Արմենիայի տեսուչի ուղեկցությամբ այցելեցին ՖիզԳորոդոկ` տեղում արձանագրելու Ռատկո ՍՊԸ-ի գործողությունները:
     Հանձնախումբը, մասնավորապես, արձանագրեց, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է: Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում:
     Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրին, որ Ռատկո ՍՊԸ-ն գրավոր ծանուցում է ստացել դրա վերաբերյալ: Արձանագրում ենք, որ, թեև վերջին երկու ամիսների բոլոր շաբաթ օրերին Ռատկո ՍՊԸ-ն չէր դադարեցնում ապօրինի աշխատանքները, սակայն սեպտեմբերի 18-ին նրանք չաշխատեցին` հավանաբար ժամանակ շահելու նպատակով:
     Երեկ, սակայն, ծանր շինարարական տեխնիկան նորից գործի էր դրվել, ողջ օրվա ընթացքում իրականացվեցին փորման աշխատանքներ` շինհրապարակով անցնող գազատարի հարևանությամբ: Ցանկապատի տեղափոխման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվել:
     ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ տեսնել իրավապահ և պատկան մարմինների պատասխանատու և հետևողական գործողությունները` արձանագրված և քննվող ապօրինությունների հետ կապված:
     Հիշեցնենք, որ նախորդ օրերին նաև տեղադրեցինք տեսանյութ, որում ամփոփել էինք Ռատկո ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մնացականյանի ստահոդ հայտարարություններն այն մասին, որ իրենք նախատեսում են միայն 2 ծառ կտրել, պահպանել դիմացի (նկարի աջ մասի) հատվածի խիտ ծառածածկը, սակայն ընդամենը հաշված օրերի ընթացքում նրանք տապալեցին ու ՈՉՆՉԱՑՐԻՆ ճանապարհին հարակից ողջ կանաչ գոտին` դրժելով բազմիցս հանրային կերպով արված հայտարարությունները:
     Քիչ անց մենք կհրապարակենք ուշագրավ տեղեկատվություն, որով ամփոփել ենք Ֆիզիկայի Գիտավանի տարածքների ապօրինի զավթման և պոտենցիալ ոչնչացման համակարգված ծրագրի որոշ դրվագներ...»:

2639 | 0
Facebook