Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

11:54, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը.

«Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկվում այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասները։
     Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս-Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։
     ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13-ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից։
     Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու։ Միայն ազգային նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»։

6928 | 4
Facebook