Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անդրանիկ Մանուկյանի կեղծ հայտարարագրի վերաբերյալ ՀՔԾ-ն գործ է քննում

13:42, ուրբաթ, 17 սեպտեմբերի, 2021 թ.
Անդրանիկ Մանուկյանի կեղծ հայտարարագրի վերաբերյալ ՀՔԾ-ն գործ է քննում

Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հետ կապված՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում։ Այդ մասին ՀՔԾ-ից հայտնել են «Լուրեր»-ին՝ ի պատասխան գրավոր հարցման։

Մինչ Հատուկ քննչական ծառայություն հասնելը Մանուկյանի գույքի, ունեցվածքի, եկամուտների հայտարարագրի հարցը նախ հայտնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտում, ապա նյութեր են փոխանցվել Ազգային ավտանգության ծառայության քննչական դեպարտամենտին, իսկ ԱԱԾ-ից գործը փոխանցվել է ՀՔԾ-ին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերլուծել է Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված հայտարարագրերը և, ինչպես ԿԿՀ-ի պատասխանում է նշվում, «արձանագրվել են որոշ անհամապատասխանություններ ու անճշտություններ»։ Մայիսի 21-ին հանձնաժողովը պարզաբանման ենթակա հարցեր է ուղղել Մանուկյանին՝ նրա գրանցման վերաբերյալ, սակայն համապատասխան գրությունը Մանուկյանին կա՛մ չի հասել, կա՛մ նախկին պաշտոնյան հրաժարվել է այն ընդունել։ ԿԿՀ-ն իր ուղարկած հարցերը հիմնավորել է այն կասկածներով, որ Մանուկյանը կամ նրա հետ փոխկապակցված անձինք ունեցել են գույքի ավելացում, որը ողջամտորեն չի հիմնավորվել։ Այնուհանդերձ, քանի որ փոստային հասցեով ուղարկված նամակը տեղ չի հասել, հետևաբար Մանուկյանից պարզաբանումներ չեն ստացվել, նշված հարցով Գլխավոր դատախազություն դիմելու հիմքերը բացակայել են:

Մյուս հարցին, թե ի՞նչ անհամապատասխանություններ ու անճշտություններ են հայտնաբերվել Մանուկյանի հայտարարագրում, ԿԿՀ-ից պատասխանել են՝ «նպատակահարմար չէ տրամադրել տեղեկատվություն Անդրանիկ Մանուկյանի հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ, քանի որ դրանք Հանձնաժողովի կողմից չեն որակվել որպես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28 հոդվածով նախատեսված արարքներ»։ Օրենսգրքի այս հոդվածը վերաբերում է սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացնելուն կամ կարգի խախտմամբ ներկայացնելուն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3611 | 0
Facebook